19:30 , 19 սեպտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Եվրամիությունը կարող է եւ պետք է փոխհատուցի իր գործընկերներին՝ ԱՊՀ երկրներին, Ռուսաստանի հետ «առեւտրային պատերազմի» կորուստները: Այդ մասին Կեմերսանտ-Ուկրաինա պարբերականին տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
«Եթե մեր գործընկերները դառնում են որեւէ մի կողմի անարդարացի ճնշման, իհարկե, ներառյալ նաեւ Ռուսաստանի ճնշման օբյեկտ, եւ եթե դա կապված է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նրանց ձգտման հետ, Եվրամիությունը պետք է գտնի հնարավորություններ փոխհատուցել նրանց կորուստները», ասել է Ֆյուլեն:
Եվրամիությունն արդեն նախաձեռնել է մոլդովական գինիների ներմուծման քվոտայի ավելացման գործընթաց, որպեսզի փոխհատուցի Մոլդովային ռուսական շուկայի արգելքի համար:
Ֆյուլեն նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել այդ հարցով, սակայն մինչեւ այժմ խնդիրը քննարկելու փորձերը, այդ թվում Սանկտ-Պետերբուրգում Մեծ Քսանյակի Վեհաժողովի ընթացքում, ավարտվել են ոչ մի բանով:
«Մենք չենք ստացել որեւէ մանրամասն բացատրություններ տեղի ունեցողի վերաբերյալ, բացի այն, որ Ռուսաստանը «հետապնդում է սեփական շահերը»», ասել է Ֆյուլեն: