18:46 , 19 սեպտեմբեր, 2013
Armsport.am-ը գրում է.
Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների ընտրանին հերթական կարճատև հավաքն անցկացրեց Ֆուտբոլի ակադեմիայում, իսկ երեկ՝ սեպտեմբերի 18-ին կայացած ստուգողական խաղում, 6:0 հաշվով ջախջախեց «Փյունիկ-2»-ին:
Երևանի «Արարատի» և Հայաստանի Մ19 ընտրանու գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը armsport.am-ի հետ զրույցում ամփոփեց հավաքի ընթացքը և խոսեց տարիքային այս հավաքականում առկա բավական լուրջ խնդիրների մասին:
- Պարոն Խաշմանյան, նախ խոսենք «Փյունիկ-2»-ի հետ հանդիպման մասին, որում Ձեր գլխավորած ընտրանին հաղթել է բավական խոշոր հաշվով:
- Երկուական անգամ աչքի ընկան Վարդան Բակալյանը և Վիուլեն Այվազյանը, մեկական անգամ` Սարգիս Շահինյանը և Արամ Մուրադյանը: Հավաքը նախատեսված էր երեք օրով, ևս մեկը՝ կլինի հոկտեմբերի 3-ից 7-ը: Նշեմ, որ հավաքին հրավիրված խաղացողների ֆունկցիոնալ վիճակն ինձ չգոհացրեց:
- Իսկ ո՞րն է պատճառը, որ հավաքականի թեկնածուները ֆունկցիոնալ վատ վիճակում են ներկայացել:
- Նշեմ, որ դժգոհ եմ, գրեթե, բոլոր խաղացողներից, այդ թվում՝ արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստներից: Պատճառներն ինձ արդեն հայտնի են: Սկսեմ լեգեոներներից. նրանց մի մասը չունի խաղային պրակտիկա, մասնակցում են միայն մարզումների, ինչը բավարար չէ: Լեգեոներներից երկուսն էլ նշում են, որ իրենք որոշակի հոգնածություն ունեն, քանի որ հագեցած խաղացանկով են հանդես գալիս… Հայկական ակումբները ներկայացնող ֆուտբոլիստներն էլ ֆունկցիոնալ վատ վիճակում են, քանի որ Բարձրագույն խմբում համարյա չեն խաղում: Դեռ ավելին, նրանք մարզվում են Առաջին խմբի թիմերում և խաղում են այնտեղ, իսկ այդ Առաջին խմբի մակարդակը հայտնի է բոլորիս. այն, կարելի է ասել, մանկապատանեկան ֆուտբոլի առաջնություն է:
Հավաքականի հիմնական առանձնահատկությունն այն է, որ հավաքվում են տարբեր մարզավիճակներում գտնվող, տարբեր ակումբներում հանդես եկող խաղացողներ, իսկ 3-4 օրում նրանց հնարավոր չէ բերել ֆունկցիոնալ լավ վիճակի: Նման կարճ ժամանակահատվածում կարելի է աշխատել տակտիկական ուղղվածության, հոգեբանության վրա, բայց եթե չկա ֆունկցիոնալ լավ պատրաստվածություն, մնացածը երկրորդական է դառնում:
- Հոկտեմբերի 10-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնության ընտրական փուլը, որը կկայանա Լեհաստանում: Մինչ ընտրական փուլի մեկնարկը, արդյո՞ք հնարավոր է իրավիճակը շտկել:
- Խնդիրն, իրոք, ցավոտ է և շատ բարդ: Օրինակ, խնդրահարույց է կենտրոնական երկու պաշտպանների հարցը: Նրանցից մեկը «Բանանցը» ներկայացնող Արմեն Մանուչարյանն է, ով մարզվում է «Բանանց-2»-ում և խաղում է առաջին լիգայում: Մյուս կենտրոնականը Արթուր Ասոյանն է, ով «Փյունիկ-2»-ի խաղացող է և կրկին ելույթ է ունենում առաջին լիգայում: Այս ամենի հետևանքով, նրանք վատ վիճակում են: Ցավոք, մենք չունենք այլ խաղացողներ, որպեսզի կարողանանք պահեստային տարբերակներ դիտարկել: Այսօր ես կապվել եմ «Բանանցի» ղեկավարի` Կարեն Հարությունյանի հետ, որ իրենց ակումբը ներկայացնող հավաքականի թեկնածուները, գոնե, մարզվեն Բարձրագույն խմբի թիմի հետ: Մեծ տարբերություն կա, թե որտեղ են նրանք մարզվում:
- Ամռանը, պորտուգալական «Բրագա» տեղափոխվեց «Միկայի» պատանի կիսապաշտպան Սարգիս Շահինյանը: Նրա մոտ տեսնո՞ւմ եք առաջընթաց:
- Մինչ Պորտուգալիա մեկնելը, Սարգիս Շահինյանը շատ լավ վիճակում էր, իսկ, ահա, «Բրագա» տեղափոխվելուց հետո, նրա վիճակը վատացել է: Ես զրուցել եմ նրա հետ… Պատճառն այն է, որ նա Պորտուգալիայում չի խաղում, այլ պարզապես մասնակցում է մարզումների… Սարգիսը շատ լավ որակներ ունեցող խաղացող է, բայց եթե ֆունկցիոնալ լավ վիճակում չլինի, ապա այդ որակները չի կարող օգտագործել: Ես հույս ունեմ, որ իրավիճակը որոշ չափով կփոխվի և հոկտեմբերի 3-ին մեկնարկող վերջին հավաքին տղաներն ավելի պատրաստ կներկայանան Ֆուտբոլի ակադեմիա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ