Բաց նամակ ՀՀԿԳ նախարար պարոն Ա.Աշոտյանին


17:09 , 19 սեպտեմբեր, 2013

Հարգարժա՛ն պարոն նախարար, Ձեզ է դիմում Արարատ քաղաքի Պարույր Սևակի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Զինա Կարապետի Հովհաննիսյանը: 
Ձեզ եմ գրում, քանի որ այս հարցը ավելի գլոբալ է և գնալով ավելի լայն շրջանակներ է ընդգրկում: Տպավորությունը այնպիսին է` կարծես հատուկ “արշավ” է սկսվել դպրոցների դեմ: Որոշ անպատասխանատու անձինք իրենց “շոուներով” վարկաբեկում են դպրոցը, ուսուցչին, տնօրենին` կանգ չառնելով ոչնչի առջև՝ իրենց ճղճիմ նպատակներն իրականացնելու համար: 

Ես պետական մտածողություն ունեցող մարդ եմ, ով ամեն ինչ արել է ստեղծելու այնպիսի կոլեկտի` և՛ աշակերտական, և՛մանկավարժական, և՛ աշխատանքային, որով ես միշտ հպարտացել եմ և ուժեղ եմ: Մեր դպրոցում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները աշակերտների` որակյալ կրթություն ստանալու համար:Մեր երեխաները սովորում են բարեկարգ դպրոցում: Ունենք հագեցած համակարգչային կաբինետ, ինտերակտիվ գրատախտակ (արդեն վեց տարի), որոնք ձեռք ենք բերել ծնողների անմիջական մասնակցության և համատեղ աշխատանքի շնորհիվ: Իմ կատարած աշխատանքների համար ես ստացել եմ տարբեր պարգևներ` պատվոգրեր, կառավարությունից մեդալ, մարզպետից մեդալ (Պարույր Սևակի անվան), եղել եմ “Լավագույն տնօրեն” մրցույթի հաղթող: Ես չէ, որ պետք է խոսեմ իմ արժանիքների և վաստակի մասին, այդ մասին խոսում են իմ արած գործերը, որոնք ակնառու են: 

Մեր դպրոցը ոչ միայն մեր քաղաքի, մարզի, կարող եմ ասել նաև հանրապետության լավագույն դպրոցներից մեկն է, որտեղ երեխաները սիրով են հաճախում` վկա դպրոցում սովորող 430 աշակերտները, վկա դպրոցում տարեցտարի ավելացող առաջին դասարանցիների թիվը, մեր աշակերտների թիվը անընդհատ համալրվում է նաև շրջակա գյուղերից մեր դպրոց հաճախող երեխաներով` ի հեճուկս այն տարածության, որն անհրաժեշտ է կտրել-անցնել միայն մեր դպրոցում սովորելու համար: Մեր դպրոցում երեխաների իրավունքները պաշտպանված են, ծնողները վստահում են մեզ: Ես չգիտեմ, թե ինչ հիմք և ճշտված փաստեր է ունեցել “Երեխաների իրավունքների պաշտպանության” բարեգործական “ՍՊԸ”-ի տնօրենը` Կարինե Անտոնյանը, բայց հաստատ վստահեցնում եմ, որ ինքը պատասխան պետք է տա առաջին հերթին ինձ, մանկավարժական կոլեկտիոին, աշակերտությանը և մեր դպրոցի ծնողական համայնքին` ինձ անհիմն մեղադրելու և իմ արժանապատվությունը վիրավորելու համար:

Պարո՛ն Աշոտյան, ես Ձեզ եմ դիմում`որպես ԿԳ նախարարի, որպես դպրոցի կողքին կանգնած մարդու, որպես դպրոցը, ուսուցչին սատարող պետական անձի՝ միաժամանակ պատասխանելով Ձեզ հասցեգրված և Ձեր կողմից Արարատի մարզպետարան և հանրակրթության վարչության պետ տիկին Նարինե Հովհաննիսյանին մակագրված նամակին:
Իսկ ի՞նչ է եղել իրականում… ոչինչ: Ամեն ինչ սկսվեց հուլիս ամսին “Մարդկային գործոն” հաղորդման շրջանակներում մեր դպրոցի և իմ հասցեին հնչած մեղանդրանքից: 
Ճիշտ էր չարձագանքելը` հաշվի առնելով երեխայի` Սերինե Սարգսյանի անչափահաս լինելը:Եվ ես չարձագանքեցի: Բայց պարզվեց, որ տիկին Կ. Անտոնյանը կարծես փորձում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել… Ամոթ է, ամոթ է…Չարձագանքելն այլևս անհնար էր...

Վերջերս տիկին Կ. Անտոնյանի ջանքերով այս մտացածին խնդիրը այնպիսի հնչեղություն ստացավ, որին արձագանքեցիք նաև Դուք` հղում կատարելով Արարատի մարզպետարան և ԿԳՆ հանրակրթության վարչություն: Իրականում տիկին Կ. Անտոնյանը հեղինակել է այս շոուն` չտիրապետելով իրավիճակին, հիմք ընդունելով միայն երեխայի տատիկի բանսարկությունները` առանց ծանոթանալու դպրոցի տեսակետին, ինչը չէր անի մանկավարժի և հոգեբանի մասնագիտական հմտություններին տիրապետող անձը, ում վստահված է ղեկավարել մի հիմնադրամ, որը կոչված է պաշտպանելու երեխաների իրավունքները, սակայն այդ ղեկավարը , հեղինակության ձգտումից կուրացած, իր ոչ արեհստավարժ գործունեությամբ հենց ինքն է ոտնահարում է իմ դպրոցի երեխայի իրավունքները:

Տիկին Կ. Անտոնյանի մերկապարանոց մեղադրանքներին ի պատասխան՝ հայտնում եմ, որ իրականում այս ամբողջ աղմուկի պատճառը երեխայի տատիկի ճղճիմ նպատակն է թոռնիկին օգտագործել սեփական շահերի համար, իսկ դրան նպաստել է նաև տիկին Կ. Անտոնյանը իր շոուներով, այնինչ նա պետք է փորձեր խորամուխ լինել խնդրի մեջ և պարզել, թե երեխային ումից և ինչից է պետք պաշտպանել: Սերինե Սարգսյանը միշտ էլ օգտվել է դպրոցի հնարավոր բոլոր միջոցներից: Որպես սոցիալապես անապահով ընտանիքի երեխա` անվճար ստացել է դասագրքեր, գրենական պիտույքներ, տետրեր, հագուստ, կոշիկ և այլն, այնինչ դպրոցը երբեք սոցիալապես անապահով ընտանիքներին տրվող ֆոնդ չի ունեցել, չնայած հակառակի մասին բարձրաձայնում է տիկին Կ. Անտոնյանը: Սերինեն օգտվել է նաև բացառիկ հնարավորություններից, ինչպիսին էր ՀՀԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի կողմից այս տարի դպրոցի 10 անապահով ընտանիքների երեխաններին հատկացված ֆինանսական օգնությունը (յուրաքանչյուրին 15000 ՀՀ դրամ): 

Ինչ վերաբերում է Սերինեի տատիկին իմ` թիկունքով վախեցնելուն, որի մասին այդպես հաղթանակած տիկնոջ բերանով հնչեցնում էր Կ. Անտոնյանը, ասեմ, որ ես ծնված օրվանից թիկունք ունեմ. իմ թիկունքը իմ ընտանիքն է, իմ մանկավարժական կոլեկտիվը, իմ 430 հոգանոց աշակերտական կոլեկտիվը, իմ դպրոցի ծնողների հզոր բանակը, պատասխանատվության ու պարտքի զգացումը իմ գործի հանդեպ և ամենակարևորը` հանրակրթության մասին ՀՀ օրենքը, որի պաշտպանն ու իրագործողն եմ ես ի պաշտոնե` որպես պետական մտածողություն ունեցող անձ և քաղաքացի:
Իմ հասցեին հնչած մեղադրանքներում կան աբսուրդի հասնող մանրամասներ, որոնց հարկ չեմ համարում այս նամակում անդրադառնալ, փոխարենը պատասխանում եմ ըստ էության և ամփոփ: 
Խոսքս ուղղում եմ տ.Կ.Անոնյանին:

Այս ամենով հանդերձ, եթե Ձեր` երեխային օգնելու ցանկությունը ազնիվ է, խորհուրդ կտայի անձամբ, տիկին Բախշյանի ուղեկցությամբ գալ մեր քաղաք, մեր դպրոց և սկսած ոստիկանությունից, քանի որ Սերինեն ոստիկանությունում հաշվառված երեխա է, ոչ առանց մեր սրտացավ հետևողականության, հետաքրքրվել և համոզվել, որ Սերինեի իրավունքների միակ և իրական պաշտպանը դպրոցն է, և ոչ մի դեպքում ես չէի կարող դրանք ոտնահարել:
Իսկ քանի դեռ դուք խնդրին ծանոթ չեք այնքան մանրամասն ,որքան որ անհրաժեշտ է այն իրոք հասկանալու համար, վստահաբար կարող եմ ասել, որ Դուք առայժմ չգիտեք, որ առաջին հերթին երեխայի տատիկն է ոտնահարում երեխայի իրավունքները՝ սպառնալով, թե կտանի մանկատուն, եթե իր հետևից չգնա, իր ասածները չանի: Դուք էլ, օգտվելով իրավիճակից, նրանց օգտագործում եք Ձեր շահերի համար իբրև բարեգործ: Ըստ էության զբաղվում եք կեղծ բարեպաշտությամբ:

Հետևաբար ես Ձեզանից հրապարակավ պատասխան եմ պահանջում, քանի որ Ձեր ոչ արհեստավարժ գործունեության արդյունքում պարարտ հող եք ստեղծում անմեղ երեխայի իրավունքների ոտնահարման հնարավորությունների բազմացման համար և ավելին՝ Դուք հրահրում եք սանձարձակ ոտնձգություններ իր գործը բարեխղճորեն կատարող քաղաքացու նկատմամբ՝ տուրք տալով դատարկ բանսարկություններին:
Հընթացս այս թնջուկին այլևս վերջնական հանգուցալուծում տալու նպատակով կոչ եմ անում վերջ տալ միակողմանի քննարկումների անարդյունավետ գործելաոճին և համակողմանի ու համապարփակ հանրային բանավեճ կազմակերպել:
Դուք ինձ պետք է պատասխան տաք:

Ի լրումն, պարո′ն Աշոտյան, ակնկալելով Ձեր օժանդակությունը, դիմում եմ Արարատի մարզպետ պարոն Էդիկ Բարսեղյանին, տիկին Անահիտ Հակոբյանին, ՀՀԿԳՆ հանրակրթության վարչության պետ տիկին Նարինե Հովհաննիսյանին, որ վերջապես պետական մակարդակով կանգնեցնեն մարդկանց, ովքեր իրենց շոուներով խաթարում են երեխաների հոգեբանությունը, նսեմացնում ուսուցիչներին երեխաների աչքում, ցեխ շպրտում այն մարդկանց վրա, ովքեր դժվարին պայմաններում նվիրումով և ազնվորեն ծառայում են իրենց գործին և իրականացնում են մեր պետության քաղաքականությունը…
Իմ դպրոցի և աշակերտների համար
Լավագույն տնօրեն Զինա Հովհաննիսյան
Արդարության հաղթանակի ակնկալիքով և ապագայի լավատեսությամբ