Իրանը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցել բոլոր ոլորտներում


14:41 , 28 հունիս, 2024

Armenpress.am-ը գրում է.

 Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է Հայաստանի Հանրապետության հետ համագործակցել ցանկացած մակարդակում՝ հիմնված փոխադարձ ընկալումների և երկու երկրների շահերի վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքների ֆոնին հայ-իրանական համագործակցությանը։

Խոսելով հայ-իրանական հարաբերությունների տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական ոլորտում համագործակցության մասին, դեսպան Սոբհանին նշեց, որ դա կախված է Հայաստանի Հանրապետության կառավարությունից: 

«Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել համագործակցել փոխադարձ ընկալումների հիման վրա, այն, ինչը կբխի մեր երկու երկրների շահերից՝ բոլոր ոլորտներում պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ», - ասաց Մեհդի Սոբհանին՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ ՀՀ-ի հետ հնարավոր է համագործակցել ցանկացած մակարդակում, սակայն դա պետք է հիմնված լինի փոխադարձ պայմանավորվածության և ընկալումների վրա։