12:34 , 19 սեպտեմբեր, 2013Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ «առանց Ռուսաստանի Հայաստանի համար դժվար կլինի ապահովել իր անվտանգությունը, երբ մենք ունենք Ադրբեջանի և Թուրքիայի նման հարևաններ, երբ Ադրբեջանն իր սպառազինությունն ավելի ու ավելի հարձակողական է դարձնում»:
Մյուս կողմից, հասարակությունը մտահոգություն ունի այն հարցում, որ Ադրբեջանին զենք մատակարարող Ռուսաստանը չի կարող անվտանգության տեսնակյունից լուրջ հենարան լինել Հայաստանի համար:
Սակայն այսօր որպես փաստ ունենք մի փաստաթուղթ, երբ ՌԴ-ն Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված պայմանգրի համաձայն՝ պարտավորվում է ապահովել Հայաստանի անվտանգությունը ոչ միայն հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին, այլև առավել մեծ սպառնալիք ներկայացնող հայ-ադրբեջանական ճակատում:
Իսկապես մտահոգիչ է, որ Ադրբեջանը նման ծավալների գնումներ է կատարում ՌԴ-ից, սակայն առավել մտահոգիչ է այն, որ Ադրբեջանը ռազմական ծախսերի համար նման մեծ գումարներ է նախատեսում, ևնույնիսկ Ռուսաստանի կողմից էմբարգոյի կիրառման դեպքում` Ադրբեջանին այլ աղբյուրներից գնումներ կատարելու հնարավորություն կընձեռվի:
Վերջին շրջանում «անվտանգության բաղադրիչ, անվտանգության գործոն» հասկացությունները դիտարկվում են ոչ միայն ՌԴ-ի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքի, այլև` Հայաստան-Մաքսային միություն համատեքստում, ինչը առիթ է տալիս ևս մեկ անգամ հետ նայելու ու փորձելու պատասխանել հետևյալ հարցադրմանը. «Արդյոք Հայաստանը անվտանգության առումով այլ ընտրություն ունի՞ (կամ ուներ) և արդյոք ՀՀ Զինված ուժերը, շրջափակման պայմաններում, Թուրքիայի և Ադրբեջանի հետ լարված հարաբերությունների ֆոնին, ի վիճակի՞ են լիարժեքորեն ապահովել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների անվտանգությունը»:
Պետք է խոստովանել, որ անվտանգության առումով, այլընտրանք այս պահին Հայաստանը չունի. ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ն և ո՛չ էլ մեկ այլ աշխարհաքաղաքական կենտրոն Հայաստանին, անվտանգության առումով այլընտրանք չի առաջարկել: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանը ոչ միայն ընտրության հնարավորություն չունի, այլև պետք է անընդհատ խորացնի իր հարաբերությունները ՀԱՊԿ-ի ու ՌԴ-ի հետ:
Մեկ դիտարկում ևս. պետք չէ վերլուծություններն ու գնահատականները ներկայացնել բացառապես Հայաստանի հետաքրքրությունների ու շահերի համատեքստում: ՌԴ-ն ևս ընդգծված շահեր ունի Հարավային Կովկասում և մասնավորապես Հայաստանում: Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերությունների հիմքում երկուստեք շահերն են և դրանք մեկը մեկին իրենց կարևորությամբ չեն զիջում: Եվ այնպես չէ, որ Ռուսաստանը Հայաստանի համար «անվճար ծառայություններ է մատուցում»: Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում բխում է իր իսկ շահերից և նա ևս ամեն ինչ անելու է այդ կապերի առավել ամրապնդման համար: