Ցավ չզգացող աղջիկը կօգնի բժիշկներին նոր ցավազրկող ստեղծել


23:21 , 18 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հազվադեպ հիվանդությամբ տառապող աղջկան ուսումնասիրող գերմանացի գիտնականները նրա գենում մուտացիա են նկատել: Բժիշկները հուսով են, որ իրենց բացահայտումը կհանգեցնի նոր ցավազրկող դեղամիջոցի ստեղծմանը: 

Գերմանիայում գտնվող Յենի համալսարանի մասնագետները հետազոտել են հիվանդին, ով ի ծնե ցավ չի զգում: Դա նշանակում է, որ աղջիկը կարող է զգալ հպումները, բայց ոչ ցավը, ինչի հետևանքով տառապում է հաճախակի վնասվածքներից, մասնավորապես՝ այրվածքներից՝ նշում է Daily Mail-ը:

Գիտնականները համեմատել են նրա գենոմը ծնողների գենոմի հետ և մուտացիա են հայտնաբերել SCN11A գենում: Այդ գենն ազդում է իոնային ուղիների զարգացման վրա, որոնք նեյրոններին ցավային իմպուլսներ են հաղորդում: SCN11 գենի մուտացիան բերել է նրան, որ նեյրոնի պարունակության մեջ գտնվող էլեկտրական լիցքերը չեն կուտակվում, որի հետևանքով օրգանիզմը ցավը չի ընկալում:

Իրենց դատողությունների իսկությունը ճշտելու համար գիտնականները ստեղծել են SCN11 գենի մուտացիայով մկների, իսկ հետո ստուգել են ցավ զգալու նրանց կարողությունը: Փորձը ցույց է տվել, որ կրծողներն ավելի հաճախ են վնասվածքներից տուժել, քան նրանց առողջ ցեղակիցները, քանի որ ցավ չեն զգացել:

Հիմա գիտնականները սկսել են նոր ցավազրկող դեղի ստեղծման աշխատանքները, որի ազդեցության հիմքում SCN11 ուղու արգելափակումն է:

Հարկ է նշել, որ նոր ցավազրկող դեղամիջոցի ստեղծումը իսկական փրկություն կդառնա այն մարդկանց համար, ովքեր տառապում են խրոնիկական ցավերից, սակայն հրաժարվում են կոդեին պարունակող դեղամիջոցներ ընդունել։