23:57 , 18 սեպտեմբեր, 2013
Նամակ եմ քեզ գրում... Բայց թղթի այս կտորն անզոր է քեզ փոխանցելու այն ամենը, ինչ ես զգում եմ: Գրում եմ նամակս ու փոքրիկ նավակի վերածում, որ այն իմ ծով զգացմունքների միջով լողա ու հասնի քեզ: Իմ փոքրիկ նավակ, իմ չքնաղ նավակ:
Կարոտել եմ քեզ... Մի քանի օր մնաց: Բայց ամեն գալուստ նոր բաժանման շունչ է բերում, ու իմ փոքրիկ նավակը նորից ու նորից պիտի նավարկի իմ և քո սիրո օվկիանում` քեզ բերելով իմ սիրտը: Ամեն անգամ, երբ նստում եմ քեզ նամակ գրելու, ձեռքերս սկսում են դողալ, գլխումս միլիոնավոր մտքեր են սկսում ծնվել, սիրտս իրար է խառնվում, և արդյունքում մնում են զառանցքի պես գրված սևագրեր: Բայց այս նամակն ուրիշ է: Այն փոքրիկ է, բայց այն մի ամբողջ օվկիանոս է անցել, հաղթել է ահեղ ալիքներին, դիմացել է օվկիանի աղի արցունքներին ու քեզ է բերել իմ կարոտած սիրտը:
Հախվերդյանը երգում էր.
«Իմ փոքրիկ նավակ, իմ փոքրիկ նավակ, դու հասար արդյոք ծովին կապուտակ, թե՞ ճանապարհին կործանեց քամին, ու դու քնեցիր հատակին...»: Երևի նրա նավակն այնքան ուժեղ չէր, ինչպիսին իմ փոքրիկ նավակն է. այն լիքն է. լի է կարոտով, սիրով, նրբությամբ, քնքշությամբ, հավատարմությամբ, նվիրվածությամբ... Հոգիս, բաց դռներդ: Բացիր դրանք, որ իմ նամակը բերող փոքրիկ նավակը գա քեզ մոտ, բացիր դռներդ ու տես, որ սպասում եմ քեզ, որ անսհաման կարոտել եմ: Իմ նավակը, որն այնքան լի է զգացմունքերով, քեզ ընդամենը երեք բառ է բերելու. ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ... Դու գիտես... Դու կհասկանաս... Ավել ոչինչ էլ պետք չէ...