14:18 , 18 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Մայրաքաղաքում Երևանի քաղաքապետարանի կողմից հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը կրկին օրակարգում է: Tert.am–ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը, ըստ էության, չբացառեց այս սցենարը, ասելով.«Դա արդեն հանձնաժողովը, երբ արդեն առաջարկություններ ներկայացվեն, ըստ այդմ կորոշվի՝ հիմա տրանսպորտը 100 դրամ է»:
Նշենք, որ «Արմինֆո» գործակալությունը, հղում անելով Երևանի քաղաքապետարանի իր անանուն աղբյուրին, տեղեկացնում է, որ սեպտեմբերի 21-ից հետո կհայտարարվի տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին: Մասնավորապես, նշվում է երթուղային տաքսու ուղեվարձ կդառնա 200 դրամ, ավտոբուսի դեպքում՝ 250 դրամ, իսկ տրոլեյբուսինը՝ 100 դրամ:
Քաղաքապետարանի պաշտոնյան «Արմինֆոին» նաև ասել է, թե այս անգամ քաղաքացիական հասարակության և ակտիվիստների ակցիաները որևէ բանի չեն հանգեցնի, քանի որ որոշումը կայացվել է նախագահ Սերժ Սարգսյանի մակարդակով:
Արթուր Գևորգյանը, ի պատասխան, որպես մեկնաբանություն ասաց.«Ես չգիտեմ՝ ի՞նչ աղբյուրներ են, եթե այդ աղբյուրները հավաստի աղբյուրներ են, թող անանուն չասեմ: Հանձնաժողովը ստեղծվում է հենց նրա համար, որ ինքը ընտրի այն չափորոշիչները, որոնց մեր հասարակությունը ցանկանում է, որ հասարակական տրանսպորտը համապատասխանի: Բնակիչների անվտանգության հետ կապված հարցեր, սպասարկման որակ և այլն և դրանց շրջանակներում էլ քննարկի ուղևորափոխոդրումների ձևավորման հաշվարկները»:
Հիշեցնենք, որ Tert.am–ը մի քանի օր առաջ հնարավոր էր համարել տրանսպորտի ուղեվարձի գնի վերանայումը՝ ներկայացնելով, որ Երևանի ավագանու կողմից օրերս հաստատված հանրային լսումներ կազմակերպելու ու դրանց կարգը հենց այս խնդրին է վերաբերելու:
«Բարև Երևան» դաշինքի Երևանի ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանն այս կապակցությամբ ասել էր.«Իհարկե, անավարտ է մնացել տրանսպորտի խնդիրը, հետևաբար, այն կարող են վերաթարմացնել»։ Ինչը չէր բացառել նաև «Բարգավաճ Հայաստանի» Երևանի քաղաքապետարանում ավագանու անդամ Թամար Պողոսյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակը» տեղեկացրել էր, որ Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագինը քննարկելու նպատակով հանձնաժողովը, քաղաքապետարանում արդեն իսկ ստեղծվել է։ Դրանում ընդգրկված է 30 հոգի, այդ թվում՝ տնտեսվարողներ։
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը, սակայն, փոխանցեց, թե հանձնաժողովի ձևավորման աշխատանքները դեռ ձևավորման փուլում են, ուստի չնշեց, թե ովքեր են ընդգրկված դրանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ