Զինծառայողին չպետք է պատասխանատվության ենթարկել


11:04 , 18 սեպտեմբեր, 2013

Նախօրեին տեղեկություն տարածվեց այն մասին, որ ԼՂՀ ՊԲ N զորամասի մարտական դիրքում համածառայակցի ինքնաձիգից արձակված գնդակից զինծառայող է մահացել: Ըստ նախնական տեղեկությունների` զինծառայողները նույն ժամին գտնվել մարտական հերթապահության մեջ: Զինծառայողներից մեկը դիրքում նիրհել է, իսկ մյուսը, համածառայակցի համար աննկատ, բարձրացել է վերև՝ «իրավիճակը ստուգելու»: Այդ ընթացքում նիրհող զինծառայողը արթնացել է և լսել սահմանի կողմից եկող ոտնաձայներ ու նկատել շարժվող շողք, ինչից անմիջապես հետո գաղտնաբառ հարցել: Սակայն որևէ արձագանք չի ստացել և այդ լռությունից վախեցած՝ մի քանի կրակոց է արձակել դեպի իրեն եկող շողքի ուղղությամբ։ Ավելի ուշ պարզվել է, որ սահմանից եկողը իր ծառայակից ընկերն էր։
Պետք է ցավալիորեն նշել, որ նմանատիպ միջադեպերը եզակի չեն (իմ ծառայության ընթացքում ևս նույն բնույթի միջադեպ գրանցվել է, սակայն այդ դեպքում համածառայակիցները փորձել էին «կատակով» վախեցնել իրենց ընկերոջը, արդյունքում երկու զինծառայող հրազենային վիրավորում էր ստացել):
Տեղի է ունեցել խիստ անցանկալի միջադեպ և որոնք հետագայում կանխելու համար անհրաժեշտ է հնարավորինս սառը վերլուծել ու գնահատական տալ տվյալ միջադեպին:

Նախ ֆիքսենք, որ մինչ տեղի ունեցած միջադեպը, երկու զինծառայողներն էլ թույլ են տվել կանոնադրական խախտումներ: Առաջին, մարտական դիրքում զինծառայողը իրավունք չունի նիրհել կամ քնել, նա պարտավոր է հնարավորինս զգոն լինել, երկրորդ, պարզ չէ, թե կոնկրետ ո՞ւր է գնացել երկրորդ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, անհասկանալի է, թե ինչ է նշանակում «գնալ վերև՝ ստուգելու իրավիճակը»: Երրորդ, ինչո՞ւ մարտական հերթապահություն կրող դիտորդները չեն գտնվել պատշաճ վերահսկողության տակ, որտե՞ղ են գտնվել դիրքի ավագն ու հենակետի պատասխանատուն:

Սրանք այն ոչ ամբողջական հարցերի շարքն են, որոնք անմիջապես առաջ են գալիս միջադեպի մասին նախնական տեղեկությունների հրապարակումից հետո:
Գալով բուն միջադեպին, միանգամից ֆիքսենք. ըստ համապատասխան կանոնադրության` զինծառայողն իրավունք ունի կրակ արձակել այն անձի ուղղությամբ, ով մարտական դիրքի ուղղությամբ է գալիս ու չի արձագանքում գաղտնաբառի պահանջին: Զինծառայողը նախ պետք է զգուշացնի, ապա նոր կրակ արձակի:
Չնայած մինչ բուն միջադեպն արձանագրված կանոնադրական խախտումներին, պետք է նշել, որ եթե զինծառայողը համածառայակցի ուղղությամբ կրակ է արձակել վերջինիս կողմից չարձագանքելու պայմաններում, կրակ բացած զինծառայողը քրեական պատասխանատվության չի ենթարկվի:

Եվ վերջում կրկին անդրադառնանք պատշաճ վերահսկողության հարցին, ավելի ճիշտ՝ դրա բացակայությանը: Անդառնալի հետևանքներից հնարավոր կլիներ խուսափել, եթե մարտական հենակետում ապահովվեր պատշաճ վերահսկողություն, քանզի այդ դեպքում ոչ զինծառայողը դիրքում կքներ և ոչ էլ նրա համածառայակիցը լքելով դիրքը՝ կգնար անհայտ ուղղությամբ: