Վենեսուելայի բանտում փոխհրաձգության հետևանքով զոհվել է 16 մարդ


10:20 , 18 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Վենեսուելայի բանտերից մեկում պահակախմբի հետ փոխհրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 16 բանտարկյալ:

Սաբանետա քաղաքի Մարակաիբո ազգային բանտում անկարգությունները սկսվել էին երկուշաբթի կեսօրից: Ականատեսների վկայությամբ՝ բանտի տարածքում բանտարկյալների և պահակախմբի միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն:

Բանտարկյալներն օգտագործել են հրազեն և սառը զենք, արցունքաբեր գազով նռնակներ և այրվող հեղուկով լի շշեր, իսկ սեփական պաշտպանության համար հագել էին զրահաբաճկոններ: Վկաները պնդում են, որ անկարգությունների ժամանակ բանտի տարածքում լսվել են պայթյուններ:

Փոխհրաձգության արդյունքում սպանվել է առնվազն 3 «հեղինակություն»: Ներկայում ոստիկանությունը շրջափակել է բանտը: Բանտի շուրջն են հավաքվել տեղի բնակիչները և բանտարկյալների հարազատները, ովքեր բանտի ղեկավարությունից պահանջում են տեղի ունեցածի բացատրություն՝ հաղորդում է Rus.ruvr.ru կայքը: