05:31 , 18 սեպտեմբեր, 2013
Հայաստանում ու Մոսկվայում իմ բազմաթիվ ճարտարապետ և արվեստագետ-արվեստաբան ընկերներից ներողություն եմ խնդրում, որ չկարողացա ապահովել նրանցից գոնե մեկի ներկայությունը Մոսկվայի նորակառույց եկեղեցու օծման արարողությանը: Հետաքրքիր կլիներ լսել նրանց կարծիքն ու գնահատականը այս մեծածավալ ու հավանաբար հավակնոտ ճարտարապետական իրագործման մասին: Ժամանակ կար. մինչ Սբ Գրիգոր Լուսավորչի և Սբ Ներսես Շնորհալու շքանշանների նորընծա ասպետ մեր արդարավաստակ ու եկեղեցասեր բարերարները ըմբոշխնում էին իրենց հավատքի առհավտչյա տաճարի լուսամարմար հուշատախտակներին փորագրված իրենց անունները և եկեղեցու օծման առթիվ թողարկված ոսկե ու արծաթե թանկարժեք հուշամեդալները, մենք կարող էինք այս տաճարային համալիրի օրինակով դատել, թե ինչ ճարտարապետական խնդիրներ ունենք նման դեպքերում և ինչքանով ենք կարողանում արժանապատվորեն հաղթահարել դրանք: Ես դեռ շատ անավարտ եկեղեցիներ ունեմ և հուսով եմ, որ մի օր դրա ժամանակն էլ կգա ու մեր նորակառույց եկեղեցիների օծման արարողությանը ներկա կգտնվեն նաև դրանց պատմությանը, ճարտարապետությանը և արվեստին իրենց կյանքը նվիրաբերած գիտակ մարդիկ: Չէ որ եկեղեցին օծվում է որպես աղոթատուն, բայց բացվում է, նաև որպես ճարտարապետական կառույց








