1973 Սեպտեմբերի 16 | «Արարատը» պայքար է մղում առաջին հորիզոնականի համար


14:45 , 17 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

 Կիևի «Դինամոյականներին» չեմպիոնական մրցավազքում պարտվելուց հետո, «Արարատ»-ին հաջողվեց սթափվել ու իրար հետևից պարտության մատնել նախ «Կայրաթ»-ին, ապա գործող չեմպիոն «Զարյա»-ին։ Հերթական 24-րդ տուրում «Հրազդան»-ում երևանցիներին սպասվում էր բարդ մրցավեճ ընդդեմ «Սպարտակ»-ի։

Խաղի նկատմամբ հետաքրքրությունը կրկնակի մեծ էր, քանի որ մրցում էին Նիկիտա Սիմոնյանի նախկին և ներկա գլխավորած թիմերը։ 48 հազար հանդիսականների դիմաց թիմերը խաղադաշտ դուրս եկան հետևյալ կազմերով. 
«ԱՐԱՐԱՏ» -Աբրահամյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Կովալենկո, Մերոպսյան (Ա. Հարությունյան), Անդրեասյան, Բոնդարենկո (Պողոսյան), Իշտոյան, Ն. Պետրոսյան, Զանազանյան, Ղազարյան։
«ՍՊԱՐՏԱԿ» - Պրոխորով, Լոգոֆետ (Բուկիևսկի), Օլշանսկի, Լովչև, Աբրամով, Կիսիլյով (Միրզոև), Մինաև, Բուլգակով, Պիսկարյով, Պապաև, Ռեդին։
Հանդիպման մասին մարնամասները կարդում ենք 1973 թվականի «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի հերթական համարի «Մարտական ոճով» հրապարակումը. 
«Հրազդանում հավաքված ֆուտբոլասերները վաղուց ականատես չէին եղել գրոհային ոճի նման հանդիպման, որի հիմքում ընկած էր անընդհատ շարժումը։
Արարատցիները խաղի ընթացքում ցուցաբերեցին մեծ եռանդ և աշխատասիրություն, որն, ինչպես սպասվում էր, տվեց ցանկալի պտուղներ։ Թիմը ժամանակին կազմակերպում էր պաշտպանությունը՝ 7-8 ֆուտբոլիստներով հետ քաշվելով և չեզոքացնելով հյուրերի սպառնալիքները։ Ժամանակին և ճիշտ էին կատարվում երկար փոխանցումները, դեպի եզրերը, որտեղ հայտնված արարտցիները գնդակն անհապաղ ուղարկում էին տուգանային հրապարակ։ 
Նման պայմաններում խփվեց առաջին գոլը, երբ Մեսրոպյանի ձախ եզրից կատարած լավ փոխանցումից հետո, Անդրեասյանը գլխի հարվածով գրավեց Պրոխորովի դարպասը։
Հյուրերը Անդրեասյանի գոլին պատասխանեցին Ռեդինի հարվածով՝ հավասարեցնելով հանդիպման հաշիվը։ Պետք է նշել, որ բաց թողած գոլից հետո արարատցիների նյարդները տեղի տվեցին, սակայն խրախուսելի է, որ նրանք հետագայումկարողացան նոր, ավելի մեծ թափով ուժ հաղորդել իրենց գրոհներին։
Երևանցի ֆուտբոլիստները սկսեցին ավելի հաճախակի հայտնվել հյուրերի տուգանային հրապարակում, հաջողությամբ օգտագործելով մեկ հպումով և «պատ» խաղը։ Եվ ահա, 43-րդ րոպեին Իշտոյանը , որը թիկունքով կանգնած էր դեպի դարպասը , ընդունեց գնդակը, շրջվեց, միաժամանակ խաբս տալով պաշտպանին և դժվար դրությունից խփեց երկրորդ գոլը։
Ընդմիջումից հետո «Արարատ»-ի հարձակման ուժն էլ ավելի ուժեղացավ։ Երևանցիները սկսեցին գրոհել ավելի լայն ճակատով։ 
Երկրորդ կեսում մի քանի անգամ արարատցիները լավ հնարավորություններ ունեցան նորից գրավելու Պրոխորովի դարպասը, սակայն դա հաջողվեց միայն խաղակեսի սկզբում, երբ Զանազանյանի հեռվից կատարած հարվածն ավարտվեց գոլով։ Մնացած դեպքերում դաշտի տերերի առավելությունն էական արդյունք չտվեց՝ 3:1։
«Արարատը» 30 միավորով մեկօրյա ընդմիջումից հետո , կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Չեմպիոնի կոչման համար մրցակցությունը քանի գնում, ավելի սուր բնույթ է ստանում և հավատացած ենք, որ «Արարատ»-ն իր գալիք հանդիպումներում ևս կցուցաբերի նույն խաղային կարգապահությունն ու անզիջում ոգին։ »