Ֆյուլեն խոստացել է անել անհնարինը Վրաստանի և Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման համար


13:24 , 17 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Եվրահանձնաժողովը պատրաստ է անել «գրեթե անհնարինը», որպեսզի «ինչքան հնարավոր է շուտ» Վրաստանի և Մոլդովայի հետ ստորագրի Ասոցացման մասին համաձայնագիրը, եթե այդ պայմանագրերի վավերացումը տեղի ունենա Վիլնյուսում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտարարել է Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

«Եթե Վիլնյուսի գագաթնաժողովին կարողանանք Վրաստանի և Մոլդովայի հետ վավերացնել ասոցացման մասին այդ կարևոր համաձայնագրերը, հանձնաժողովը հստակ նշել է, որ կարվի ամեն ինչ իրավական օպերատիվ նախապատրաստման և այդ փաստաթղթերի թարգմանության համար, որպեսզի դրանք ստորագրվեն իրենց լիազորությունների հերթական ժամկետի ավարտից առաջ»,- ասել է Ֆյուլեն:

Նրա խոսքով՝ ցավոք, նման փաստաթղթերի պատրաստումը ԵՄ-ում պահանջում է ավելի շատ ժամանակ, քան իրենք կցանկանային: «Սակայն այդ երկու երկրների դեպքում մենք պատրաստ ենք անել գրեթե անհնարինը, որպեսզի որքան հնարավոր է շուտ դրանք ներկայացնենք ստորագրման»,- հայտարարել է եվրահանձնակատարը: