14:05 , 16 սեպտեմբեր, 2013
Ինչ է քաղաքական սեքսը? Քաղաքական սեքսը լայն իմաստով քաղաքական գործընթացն է ամբողջությամբ, այսինքն` քաղաքականության երկու կամ ավելի սուբյեկտների միջև ծավալվող հարաբերությունները կազմում են քաղաքական սեքսը: Նեղ իմաստով քաղաքական սեքսը քաղաքական գործընթացի փուլերից մեկն է:
Քաղաքական սեքսը ծագել է մարդկային հասարակության վաղ ժամանակներից սկսած: Քաղաքական սեքսոլոգիայի մեջ ընդհանուր առմամբ կան երկու տեսակետներ քաղաքական սեքսի ծագման վերաբերյալ: Առաջին մոտեցման համաձայն քաղաքական սեքսը ծագում է դեռևս նախնադարյան համայնական հասարակարգում, երբ առաջ են գալիս առաջին տիրապետության և ենթակայության սեռական հարաբերությունները: Դեռևս նախնադարյան ցեղի կամ տոհմի շրջանակներում ձևավորվում է մարդկանց մի խումբ, որն իր ձեռքում է կենտրոնացնում տվյալ ցեղի շրջանակներում ստեղծված նյութական ռեսուրսների մեծ մասը, առաջանում են առաջին իշխանասեռական հարաբերությունները: Համաձայն այս տեսության որտեղ կա իշխանություն, այնտեղ կա քաղաքական սեքս:Հենց այս ժամանակ էլ ուժեղ կողմը ստանձնում է արական սեռի դերը: Երկրորդ տեսության համաձայն քաղաքական սեքսի ծագումը կապվում է հասարակական - սեռական հարաբերությունների հետագա խորացման և բարդացման գործընթացների հետ, որի արդյունքում ձևավորվում են քաղաքական սեքսի իրականացման միջնորդավորված ինստիտուտներ, որոնց արդյունքում առաջանում է մի նոր կառույց (հասարակաց տուն) հանձին պետության: Հետևաբար քաղաքական սեքսի ծագումը կապվում է առաջին պետությունների ձևավորման հետ:
Քաղաքական սեքսի գործող կողմերը կարող են փոխվել դերերով` կախված ժամանակից, իրադարձությունից և ըստ անհրաժեշտության: Բերենք օրինակներ: Օրինակ` ներպետական մակարդակում քաղաքական սեքսի արական կողմի դերը ՀՀ-ում անբեկանելի է. այն ստանձնում են միայն իշխանությունները, սակայն նույն իշխանությունները մյուս բոլոր մակարդակներում իրականացնում են քաղաքական սեքսի իգական սեռին հատուկ բոլոր գործառույթները:Կարող ենք բերել նաև Իսրայելի օրինակը. հարյուրավոր տարիներ շարունակ Իսրայելը գտնվել է քաղաքական սեքսի անփոփոխ իգական բևեռում և, ըստ էության, այն փոքրաքանակ կողմերից մեկն է, որ ենթարկվել է նաև բռնաբարության (ինչպես հայկական կողմը 20-րդ դարի սկզբնամասում): Սակայն այս ամենից հետո Իսրայելը կարողացավ շատ հաջող կերպով սեռափոխվել և մինչ այսօր էլ Իսրայելը ստաբիլ կերպով խաղում է քաղաքական սեքսի արական սեռին վերապահված գլխավոր դերերից մեկը: Օրինակները շատ են, և հենց այդ օրինակներից հետևություն անելով էլ կարելի է ասել, որ քաղաքական սեքսի արական և իգական սեռ հասկացությունները հարաբերական են. նրանք շատ հաճախ ենթարկվում են տրանսֆորմացիայի: Այսպիսով, կարելի է ասել, որ քաղաքական սեքսի բոլոր կողմերն էլ բիսեքսուալ են:
1.1. Քաղաքական սեքսի դրսևորման մակարդակները
Քաղաքական սեքսը դրսևորվում է մի քանի մակարդակներում: Ընդհանուր առմամբ առանձնացվում են քաղաքական սեքսի դրսևորման երեք հիմնական մակարդակներ. գլոբալ կամ համերկրային մակարդակ, տարածաշրջանային կամ ռեգիոնալ մակարդակ, լոկալ կամ տեղային մակարդակ: Մեկ այլ դասակարգման համաձայն առանձնացվում են քաղաքական սեքսի դրսևորման չորս հիմանական մակարդակներ: Առաջինը մեգամակարդակն է: Այս մակարդակում քաղաքական սեքսի իրականացման հիմնական սուբյեկտներ են հանդիսանում վերազգային և վերպետական կառույցներն ու կազմակերպությունները, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն և այլն: Փաստորեն, այս մակարդակում քաղաքական սեքսը կրում է բացառապես խմբակային բնույթ: Քաղաքական սեքսի դրսևորման երկրորդ մակարդակը մակրոմակարդակն է: Այս մակարդակում քաղաքական սեքսի իրականացման հիմնական սուբյեկտների կարգավիճակով հանդես են գալիս առանձին պետությունները, որոնք իրար մեջ հաստատում են միջպետական կամ միջսեռական կապեր և հարաբերություններ: Երրորդ մակարդակը մեզոմակարդակն է: Այս մակարդակում քաղաքական սեքսի իրականացման հիմնական սուբյեկտներ են հռչակվում պետությունների վարչատարածքային միավորները: Չորրորդը միկրոմակարդակն է, որտեղ քաղաքականության հիմնական սուբյեկտներն են տեղական ինքնակառավարման մարմինները: Այս մակարդակը աչքի է ընկնում քաղաքական սեքսի չափազանց փնթիությունով: Այստեղ գործող կողմերը միաժամանակ իրականացնում են և արական և իգական սեռի գործառույթները:
Շարունակելի...