Շոխոյան Տիգրանը, ում ջանքերով Աշոտյանը կշարունակի մնալ կալանքի տակ, նշանակել է Արարատի մարզային քննչական վարչության պետ


14:05 , 23 փետրվար, 2024
Պարզվում է՝ Քյարամյան Արգիշտիկը որոշել է հատուկ վերաբերմունք ցուցաբերել Նիկոլի քաղաքական պատվերը հաջողությամբ հորով-մորով արած քննիչի հանդեպ. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ հարուցված շինծու գործը քննող քննիչ Շոխոյան Տիգրանին, ում ջանքերով արվեց այնպես, որ Աշոտյանը շարունակի մնալ կալանքի տակ, նշանակել է Արարատի մարզային քննչական վարչության պետ:

Սա, անկասկած, պաշտոնի բարձրացում է, ավելին՝ այնպիսի պաշտոնի շնորհում, որը շատ ավելի «յուղոտ» ու եկամտաբեր է, քան այն պաշտոնը, որը պարգևատրված քննիչը նախկինում էր զբաղեցնում:

Սա նշանակում է, որ Նիկոլն իր հնազանդներին անպարգև չի թողնում: Ավելին՝ իր քաղաքական հրահանգներին ենթարկվողներին պարգևատրելով՝ ուղերձ է հղում պետական ապարատի բոլոր աշխատողներին, որ եթե հանուն իրեն գործեն ապօրինություն, ապա չեն մնա անպարգև. վերևում տեսնում ու գնահատում են:

Այո՛, ցավոք, այսօր Հայաստանում առաջխաղացում են ունենում բացառապես Նիկոլի հրահանգներով ապրող, նրա «աչքունքին նայող» սուբյեկտները, որոնք հոժարակամորեն պատրաստ են հրաժարվել նույնիսկ սեփական սուբյեկտայնության նշույլներից՝ լիարժեքորեն կյանքի կոչելու քաղաքական պատվերները:

Ահա հենց այս բանձևով էլ Նիկոլն իր հետևից քարշ է տալիս ողջ պետական համակարգը՝ երկիրն այնպիսի «ժողովրդավարության բաստիոն» դարձնելով, որ կողքից դիտողն ուղղակի ապշում է՝ լա՛վ, եթե սա ժողովրդավարություն է, բա բռնապետությունն է՛լ ո՞րն է…