Հատվածներ եկեղեցու Հայրերի Ս.Խաչին նվիրված ճառերից և շարականներից


23:44 , 14 սեպտեմբեր, 2013

Այսօր ուրախանում է երկինքը, և ցնծում երկիրը, և բարգավաճելով պայծառանում մայր Եկեղեցին, քանզի քառաթև վայելչական պսակով զարդարեց իր գլուխը, որը սրսկված էր Աստծու Որդու Արյամբ: Աստվածային նշանը՝ տիեզերքի փրկագործ ու աշխարհակեցուցիչ Խաչը, կանգնեց տիեզերքի մեջ, ցոլացած բարձրացավ սուրբ Գողգոթայի վրա, արփիափայլ ճառագայթներով փայլեց Երուսաղեմում, ավելի պայծառ քան արեգակը, և տարածելով բոցաճաճանչ ճառագայթափայլ հրանյութ թևերը՝ լցրեց տիեզերքի բոլոր ոլորտները, իր ամենահաղթ ու պահապան զորությամբ ծածկելով բոլոր հեթանոսներին: Նրա գերահրաշ և սոսկալի փառքի ահից դողալով զարհուրեցին սանդարամետական զորքերի լեգեոնները, քանզի խաչի վրա բազկատարած բևեռված տեսան անմահ ու անժամանակ Աստծու Էակից Որդուն, ճշմարիտ մարդեղությամբ:

Հրեշտակների սուրբ բանակներն ահով հիացած զարմանում էին, սերովբեները՝ սարսափով խուճապում, և գերագույն պետություններն ու վերին իշխանությունները՝ սքանչանալով զարմանում: Արեգակը չհանդուրժելով իր Արարչի չարչարանքները՝ մթնեցրեց իր ոսկեճաճանչ ճառագայթները, լուսինը սուզվելով քողի տակ՝ ծածկվեց, և աստղերի հրճվալի բազմությունն անհայտացավ: Կարծր և անտաշ վեմերը ճեղքվելով պատռվեցին, երկիրը դղրդաց՝ աշխարհն ողբաց եբրայական ազգի վրա, քանզի աստվածամարտ եղան և չճանաչեցին Իսրայելի փրկությունը:

Իսկ հավատացյալներին դրանով շնորհվեց զվարճատեսիլ տունկ և նշան փրկության, ճյուղ՝ լի բողբոջած ծաղիկներով և անթառամ տերևներով: Ծառ բարգավաճած զանազան համափթիթ ծաղիկներով, և պայծառացած անճառելի ու հրաշափառ տեսքով, տունկ պարգևաբաշխ՝ զանազան բարության: Արմատ, որի միջոցով Աստվածային սիրո շնորհն աշխարհում տարածվելով աղբյուրացավ: Շառավիղ համատարած, որ բարձրացավ Գողգոթայի սուրբ գագաթին՝ հովանավորելով տիեզերքը:
Խաչը չորս տեսակի ծառերից կազմվեց, ինչպես ասում է Եսային. «Լիբանանի փառքը դեպի Քեզ է գալու՝ դափնիով, սոսիով, նոճիով ու մայրիով, որպեսզի լիապես փառավորեն Իմ սրբարանի տեղը, և Ես փառավորեմ Իմ ոտքերի տեղը» (Եսայի Կ 13):

Խաչն երկնքից իջած անմահացնող Հացի անպարտելի սեղանն է: Խաչն Աստվածության անտանելի հուրն իր վրա կրելով բացեց Դրախտի սերովբեափակ դուռը: Խաչն Եկեղեցու հիմքում հավատի վեմն է և տիեզերքի ամրության պարիսպը, որը քանդեց կուռքերի պաշտամունքը: Խաչին կաշկանդվելով կապվեց բանսարկուն, որով ազատվեցին նրա կողմից բռնվածները: Խաչն է մեր պահապանը գիշեր ու ցերեկ և պահապանը՝ ողջերի և մեռելների:
Խաչը մեզ շնորհված չբթացող զենք է սրված Տիրոջ անապական Արյամբ, քանզի խաչն է հույսը և ապավենը մարդկային ցեղի, որ վերցրեց դատապարտության կնիքը, այդ պատճառով էլ Դավիթն ասաց. «Երկյուղածներիդ նշան Դու տվիր, որ փրկություն գտնեն աղեղից» (Սաղմ. ԾԹ 6): Եվ դարձյալ ասաց. «Քո երեսի լույսը ծագեց մեզ վրա, և ուրախություն տվիր մեր սրտերին, ցորենի, գինու, ձեթի բարիքով հագեցրիր նրանց» (Սաղմ. Դ 7-8), «Ինձ բարության նշա՛ն ցույց տուր. թող ատելիներն իմ տեսնեն ու ամոթահար լինեն, որ Դու, Տե՛ր, օգնեցիր ու մխիթարեցիր ինձ» (Սաղմ. ՁԵ 17):

Խաչը հրեաների համար գայթակղություն է, հեթանոսների համար՝ հիմարություն, իսկ իրեն երկրպագողների համար՝ պարծանք: Եվ երևալու է արփիահրաշ ճառագայթներով արևելյան կողմից երկնքի ամպերի հետ, հաղթելով արեգակի ճառագայթները, անհավատներին գցելու է անշեջ հնոցը, իսկ իրեն երկրպագողներին վեր բարձրացնելով՝ տանելու է Վերին Երուսաղեմ:

Խաչը ծերերի ամրության ցուպն է և երիտասարդների իմաստության գավազանը: Խաչը Կենաց ծառն է և անմահության պտուղը: Խաչն անմեղների խրատն է և մեղավորների քավիչը: Խաչը մոլորվածների ճանապարհն է և խավարածների ճառագայթը: Խաչը նավարկողների նավահանգիստն է և ճանապարհորդների օթևանը: Խաչն երկնավորների ցնծությունն է և երկրավորների զվարճությունը: Խաչը սանդարամետականների սարսափն է և երկրայինների սաստողը: Խաչը Քրիստոսի փառքն է և քրիստոնյաների պարծանքը: Խաչը հոգևոր զենք է և չբթացող սուր: Խաչը դժոխքի ավերողն է և գերյալներին ազատողը: Խաչը գերեզմանների կնիքն է և կյանքի հարությունը: Խաչը Դրախտի բացողն է և արքայությունն որպես ժառանգություն տվողը: Խաչը Քրիստոսի կարապետն է և հարության հրավերը: Խաչն անհավատների կուրությունն է և հավատացյալների զորությունը, որը և երկրպագուներին պայծառացնելով՝ կանգնեցնում է մեր Քրիստոս Աստծու աջ կողմում:

Խաչի չորս թևերը միմյանցից տարբեր ուղղություններով են ներգործում: Խաչի ներքևի պատվանդանն ավերում է դժոխքը, վերևի գլուխը՝ Դրախտի դուռն է բացում, աջ թևը՝ մարդկային ցեղին շնորհներ է բաշխում, իսկ ձախը՝ սաստում և պատուհասում դևերին:
Սուրբ վկաները խաչով հաղթեցին անօրեն բռնավորներին, և անապատաբնակները խաչով կրոնավորելով պահպանվեցին: Սուրբ և պարկեշտ կույսերը խաչով են զգաստանում, և քահանաները խաչով են կարգը կատարում:
Նախաստեղծն իր ձեռքը Գիտության ծառին ձգելով՝ մեզ համար մահ քաղեց, իսկ անճառելի Բանն Աստված Իր աշխարհակեցուցիչ բազուկները տարածելով խաչի վրա՝ վերստին զգեստավորեց մերկացած մարդկային ցեղը՝ ըստ այս խոսքի. «Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտվեցիք, Քրիստոսով զգեստավորվեցիք» զարդափայլ անկողոպտելի պատմուճանով (Գաղատ. Գ 27): Ադամը ճաշակելով Գիտության ծառից՝ հեռացավ Դրախտից, և սերովբեն փակեց տենչալի Կենաց ծառի ճանապարհը, իսկ հավատացյալները, ովքեր ճաշակում են խաչի վրա պատարագված Կենաց Պտղից, առանց երկյուղի մոտենում են ու հպվում տենչալի Կենաց ծառին:

Հակոբ նահապետի տեսած սանդուղքը՝ խաչի օրինակն էր, որի արմատն երկրի վրա էր ամրացված, իսկ գլուխն երկինք էր հասնում, Աստծու հրեշտակները դրանով ելնում էին ու իջնում, և Տերը կանգնած էր այդ սանդուղքի վրա (տե՛ս Ծննդ. ԻԸ 12-19): Տեսիլքն այդպես մնաց մինչև արեգակի ծագելը, և Հակոբն այդ վայրը Բեթել անվանեց, այսինքն՝ Աստծու տուն: Հակոբն այնտեղ արձան կանգնեցրեց ու այն յուղով օծեց, քանզի երկրի մեջ Գողգոթայի վրա կանգնեց խաչը, որտեղ Ադամի շիրիմն է և խաչի գլուխը մինչև երկինք հասավ և անժամանակն Աստված՝ պատվական Վեմը՝ անկյան Գլուխը, օծված Սուրբ Հոգով, խաչի վրա հեղույսներով բևեռվեց, և սուրբ հրեշտակները խաչի միջոցով իջան՝ մարդիկ Տիրոջն երկրպագելով՝ հրեշտակացած բարձրացան մինչև անմահների զորքերը: Եվ խաչի արձանը կանգնած է որպես աշխարհի պահապան մինչև Արդարության Արեգակի երևալը հայրական իշխանությամբ, որի կարապետը խաչն է:

Մովսեսի գավազանը նույնպես խաչի օրինակն եղավ, որը տասը հարվածներով հանդիմանեց Եգիպտոսը և գառների արյամբ շաղախեց Իսրայելի որդիների տների դռները՝ սեմերը և շրջանակի վերին մասը, փրկելով ժողովրդին անդրանկասպան կոտորածից: Իսկ խաչը հարվածեց մահվան իշխանությանն ու դժոխքի պետությանը և խաչի վրա հոսած Աստծու Որդու անապական Արյամբ, փրկեց մեզ գալիք բարկությունից, որը պահված է սատանայի և նրա գործակիցների համար՝ ըստ Աստծու արդար դատաստանի:
Մովսեսի գավազանը խաչի գաղափարն եղավ, որը հարվածելով բաժանեց Կարմիր ծովը, ճանապարհ բացեց եբրայեցիների բանակի համար՝ խրոխտացած փարավոնին իր կառքերով ու զորքերով ջրասույզ արեց: Իսկ խաչը Հորդանանում բացեց Մկրտության ավազանը և փոխադրեց հավատացյալներին Վերին Երուսաղեմ, իսկ անմարմին փարավոնի՝ կամակոր վիշապի, գլուխը ջախջախելով՝ փշրեց իր լեգեոնով հանդերձ և տարտարոսում խորտակեց:

Խաչի օրինակն էր նաև Մեռայում դառնահամ ջրի աղբյուրի մեջ գցած Մովսեսի փայտը, որը ջուրը քաղցրահամ դարձրեց, որից խմեցին եբրայեցիները (տե՛ս Ելք ԺԵ 25): Իսկ խաչից բխած կողահոս ջրով մաքրվեցին բոլոր ջրերը, և բացվեց արգանդը սուրբ Ավազանի, ու քաղցրացավ անիծված ծառի դառնությունը:
Խաչի օրինակն էր այն գավազանը, որով Մովսեսը հարվածեց ապառաժին՝ որից ջուր հոսեց Իսրայելի որդիների համար: Իսկ խաչից բխած կողահոս աղբյուրից ամբողջ տիեզերքը խմեց, այդ պատճառով էլ Պողոս առաքյալն ասում է. «Խմում էին հոգևոր այն Վեմից, որ գնում էր նրանց հետ, և այն վեմն Ինքը՝ Քրիստոս էր» (Ա Կորնթ. Ժ 4):
Խաչի օրինակով Մովսեսը պղնձյա օձը պատրաստեց և այն բարձրացնելով դրեց ձողի վրա (տե՛ս Թվեր ԻԱ 9), վերացնելու օձերի խայթոցներն եբրայեցիների բանակից, որպեսզի երբ օձերից խայթվածները նայեն պղնձե օձին, կենդանի մնան: Իսկ այսօր՝ ուղիղ հավատով խաչին նայողները, իրենց մտքի աչքով Խաչի վրա տեսնում են Փրկագործին և դրանով ազատվում վիշապի դառնաշունչ թույնից, ով մեղքերով վիրավորում է մարդկանց հոգիները՝ ինչպես գրեց Մովսեսը. «Կտեսնեք ձեր կյանքը կախված փայտից» (հմմտ. Բ Օրենք ԻԸ 66):

Սողոմոնն ասում է խաչի համար. «Նա Կենաց ծառ է բոլոր նրանց համար, ովքեր ապավինում են նրան և վստահությամբ հենվում նրա վրա, ինչպես Տիրոջ վրա» (Առակ. Գ 18): Ապա ավելացնում. «Օրհնյալ է այն փայտը, որով արդարություն է լինում» (Իմաստ. ԺԴ 7):
Իսկ Եսային ասում է. «Մեզ համար Մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ, որի իշխանությունն Իր ուսերի վրա պիտի լինի. Նա պիտի կոչվի Մեծ Խորհրդի Հրեշտակ, Սքանչելի խորհրդակից, հզոր Աստված, Իշխան, Հայր հանդերձյալ աշխարհի» (Եսայի Թ 6): Քանզի հրեաները, երբ տանում էին բոլորիս Աստծուն Գողգոթա խաչելու, այնժամ խաչափայտը Տերն Ինքն էր տանում Իր ուսերի վրա, որի վրա բարձված էր նաև մոլորված ոչխարը՝ մեր մարդկային բնությունը: