Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵՄ կրթության հանձնակատարին


19:56 , 14 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սեպտեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵՄ կրթության, մշակույթի, բազմալեզվականության և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուին։

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության հեռանկարները։ Երկուստեք կարևորվել է երիտասարդության միջև շփումները, որին մեծապես կարող են նպաստել ռեադմիսիայի և մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրի շուտափույթ ուժի մեջ մտնելը։ 

Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանը կրթության և մշակութային ոլորտներում սերտ կապեր է հաստատել եվրոպական երկրների հետ, իսկ այս բնագավառներում Եվրամիության կողմից իրականացվող ծրագրերը լուրջ հնարավորություն են ընձեռում կրթական ստանդարտների մոտարկման, մշակութային երկխոսության և ուսանողական ու երիտասաարդական փոխանակումների համար։ 

Հանձնակատար Վասիլիուն ասել է, որ ԵՄ-ն նախատեսում է էլ ավելի սերտացնել վերոհիշյալ բնագավառներում համագործակցությունը Արևելյան գործընկերների հետ: