Իսրայելցի ոստիկանները Արեւելյան Երուսաղեմում ծեծել են թուրքական ԶԼՄ-ի լրագրողներին


14:10 , 16 դեկտեմբեր, 2023

Իսրայելի անվտանգության ուժերը դաժանաբար ծեծել են «Անադոլու» գործակալության՝ Արեւելյան Երուսաղեմում աշխատող ֆոտոթղթակից Մուսթաֆա Հարուֆին, տեղեկացրել է «Անադոլուն»։

Նշվել է, որ թղթակիցը ենթարկվել է հարձակման իր մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ։

Լրագրողը տեղափոխվել է հիվանդանոց։

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ թուրք լրագրողը նկարահանում էր պաղեստինցիների մի խմբի, որոնք հավաքվել էին աղոթքի Վադ ալ-Ջավզ շրջանում, «Ալ-Աքսա» մզկիթի մոտ։

Իսրայելական ոստիկանությունը պատնեշներ է դրել այս շրջանում։ Ոստիկանները սկզբում ատրճանակն ուղղել են Հարուֆի վրա, իսկ հետո գետին տապալել նրան եւ սկսել խփել ոտքերով։

Թղթակիցը ծանր վնասվածքներ է ստացել դեմքին։ Նրան տեղափոխել են Մակասիդ հիվանդանոց (Արեւելյան Երուսաղեմ)։

Ոստիկանները հարձակվել են նաեւ օպերատոր Ֆաիզ Աբու Ռումայլայի դեմ, որը Հարուֆի կողքին էր։