Ճակատագիր, թե՞ Աստծո նախախնամություն


20:57 , 13 սեպտեմբեր, 2013

Կյանքում առկա բազմաթիվ անպատասխան հարցերի կողքին, մարդկությանը միշտ էլ հետաքրքրել է նաեւ հետեւյալ գերկարեւոր հարցը. մարդ արարածի ապրած կյանքի՝ նրա ծնունդից մինչեւ մահ ընկած հետագծի կորը հիմնականում որոշվում է ճակատագիր ասվածով, թե՞ Տիրոջ կամքով: Սա այն հարցն է, որի պատասխանը պետք է լինի ամեն մարդու ապրելու բանաձեւը: Ցավոք, այս մեծ արահետը թողած, մարդիկ իրենց համար հորինում են փոքրիկ՝ նյութեղեն մացառուտներ եւ Տիրոջ կողմից ստացած իրենց ամենաթանկ նվերը՝ կյանքը, անիմաստ մաշում այդ մացառուտներում:

Արդյոք մարդն ինքն է որոշում իր անցնելիք ճանապարհի հետագիծը, թե՞ այն նախապես կանխորոշված է ամեն մեկի համար: Հարց, որին դժվար է միարժեք պատասխան տալ, սակայն երկու դեպքում էլ մարդն ունի հստակ առաքելություն. պետք է ապրել խղճի մտոք, պետք է պահպանել Տիրոջ պատվիրանները, պետք է մարդ-մարդ հարաբերությունը գերադասել ցանկացած այլ հարաբերությունից, մի խոսքով՝ պետք է ճիշտ ապրել: Մարդու կյանքում` ժամանակի ամեն հաջորդ վայրկյանին սպասվող իրադարձությունները լիովին անհայտ են (դրանք ակնհայտորեն կախված են բազմաթիվ եւ բազմապիսի գործոններից), հետեւաբար դրանց վրա ունեցած ազդեցությունը կարելի է հավասարապես վերագրել կամ ճակատագրի, կամ Աստծո նախախնամությանը: Այնպես որ, դրանց հստակ տարանջատումը պրակտիկորեն անհնարին է: Բերենք սրա հետ կապված ամենացայտուն օրինակը. հայ նորապսակ զույգերին համարյա միշտ էլ հետաքրքրում է՝ հատկապես իրենց առաջնեկ երեխայի սեռը:

Ազգային խառնվածքից ելնելով, նրանց ճնշող մեծամասնությունը ցանկանում են, որ առաջին երեխան անպայման արու լինի: Սակայն, նրանց այդ ցանկությունը կախված չէ լոկ իրենց նախաձեռնությունից եւ ինչպես ժողովուրդն է ասում. դա Աստծո կամքն է: Մյուս կողմից, կա նաեւ երկրորդ կարծիքը. դա ճակատագիր է եւ ոչ ոք այն չի կարող փոխել: Եթե ճակատագրի նախախնամությունը պարտադրի, որ խաչաձեւեւեն՝ հոր եւ մոր այն քրոմոսոմներն ու ձվաբջիջները, որոնց բեղմնավորումից պետք է տղա ծնվի, ապա այդպես էլ կլինի: Նույն հաջողությամբ կարելի է պնդել, որ եթե Աստծո նախախնամությունն այնպիսին է, որ տվյալ զույգի մոտ պետք է տղա ծնվի, ապա նրա կամոք՝ հոր քրոմոսոմները եւ մոր ձվաբջիջները կընտրվեն այնպես, որ նրանց խաչաձեւումից միայն տղա ծնվի: Մի տարբերությամբ, որ այս պարագայում, Տերը կարող է՝ սեռական ակտի պահին զույգերի մոտ այնպիսի տրամադրվածություն առաջացնել, որից կախված` նրանց մոտ արտադրվեն միայն համապատասխան քրոմոսոմներ եւ ձվաբջիջներ: Այս ամենին զուգահեռ նշենք նաեւ, որ կյանքում ոչինչ բացարձակ չէ եւ բազմաթիվ ու բազմապիսի այլ ազդակներ եւս կան, որոնցից կախված կլինեն քրոմոսոմների եւ ձվաբջիջների՝ որպիսին լինելը: Եթե փորձենք ասվածն ավելի պարզեցնել, ապա կարող ենք տալ մոտավոր այսպիսի սահմանում. ճակատագիրը՝ դա մարդու համար դեռեւս սպասվելիք այն իրադարձություններն են, որոնք գրված են նրա ճակատին եւ իր կամքից անկախ, դրանք անպայմանորեն կատարվելու են:

Այլ խոսքով, ճակատագիրը՝ տվյալ պահին դեռեւս անհայտ, սակայն հաջորդ պահին կանխորոշված իրադարձություններն են: Աստծո նախախնամության պարագայում, Տերն ինքն է որոշում, թե մարդու հետ՝ որ պահին, ինչ պետք է տեղի ունենա, որը սակայն այդ պահին լիովին անհայտ է տվյալ մարդու համար: Ստացվում է, որ երկու դեպքում էլ մարդուն անհայտ է իր գլխի գալիքը` մի տարբերությամբ, որ ճակատագրի պարագայում` մարդուց կախված որեւէ բան չկա եւ հետեւաբար, այն փոխելու հնարավորություն եւս չկա: Ասել է թե.լինելու է այն, ինչ պետք է լիներ: Իսկ Տիրոջ նախախնամության պարագայում, մարդը կարող է աղոթքներով դիմել Տիրոջը եւ խնդրել, որպեսզի նրա Բարձր բարեհաճությամբ կատարվեն իր ցանկությունները: Դրանից հետո, Տերն ինքը կորոշի՝ կատարել դրանք, թե ոչ, եւ եթե այո, ապա ինչ չափով: Մի պահ մտովի պատկերացնենք, թե ինչ կլիներ, եթե մարդը որեւէ հնարքով նախապես տեղյակ լիներ՝ հաջորդ վայրկյանին իրեն սպասվող իրադարձություններին: Այդ դեպքում, նա իր ապրելու համար նախատեսված ժամանակահատվածի սահմանը՝ առանց ֆիզիկապես հատելու, նախապես հնարավորություն կունենար այն մտովի հատել: Այլ խոսքով, մարդը նախապես տեղյակ կլիներ այն ամենից, ինչն այդ պահին անհայտ է իրեն եւ ինչը դեռ պետք է ապրի այդ պահից հետո: Բնական է, որ այդ պարագայում, եթե ինչ որ բան իր սրտով չլիներ, ապա հնարավորություն կունենար խույս տալ դրանից եւ չանել այն, ինչը պարտադիր պետք է աներ:

Արդյունքում կստացվեր այսպիսի հակասական վիճակ. մարդը հնարավորություն կունենար շրջանցել եւ փոխել իր կյանքի՝ դեռեւս անցնելիք ճանապարհի այն հատվածը, որն իրականում՝ փոփոխության ենթակա չէ: Այլ խոսքով, մարդը կհայտնվեր երկակի վիճակում. մի կողմից՝ սխալ, թե ճիշտ, նա պետք է աներ այն, ինչը կանխորոշված էր իր համար, իսկ մյուս կողմից, քանի որ ինքն արդեն՝ նախապես տեղյակ էր սպասվող իրավիճակից, կարող էր եւ չկատարել: Ասվածը նշանակում է, որ այս դեպքում ակնհայտորեն կխախտվեր մարդու կյանքի բնական հետագիծը, որն այլ կերպ կարելի է բնութագրել այսպես. մարդն իր կյանքի որոշ հատվածներ կարող էր նաեւ ապրել՝ որպես մեկ այլ մարդ, որը փաստացի՝ հակաբնական երեւույթ է: Փաստորեն, երկու դեպքում էլ մարդն ինքը չի որոշում իր կյանքի հետագիծը, շատ ու շատ բաներ նախապես կանխատեսված եւ գծված են նրա համար: Այնպես որ, եթե որոշ բաներ էլ այսպես ասած՝ մարդու ձեռքում է, ապա դեռ չի նշանակում, որ նա պետք է շփոթության մեջ ընկնի եւ ոգեւորությունից իրեն աստվածային շնորհներ վերագրի:

Տիրոջ գծած բանաձեւը հետեւյալն է. մարդը պետք է այնպես անի, որ չվնասի, չխանգարի, չնվաստացնի, չարհամարի, չնախանձի ոչ մեկին, քանզի բոլոր մարդիկ էլ Տիրոջ ծնունդն են եւ հավասարապես իրավունք ունեն ապրելու նույն Տիրոջ կողմից արարված երկիր մոլորակի վրա: Մարդիկ, կա ընդամենը մի պարզ ճշմարտություն. ձեր կյանքը՝ ակնթարթի տեւողություն ունի ժամանակի անվերջ առանցքի վրա եւ իզուր խաբկանքների մեջ մի ընկեք ու ձեզ անմահության կարգավիճակ մի վերագրեք: Դուք ընդամենը, կյանքի վազքուղում՝ էստաֆետի մեջ եք, որտեղ մի խնդիր ունեք լուծելու. պետք է ստացված ժառանգությանն ավելացնեք առավելագույնը, այն ամրացնեք առավելագույն չափով եւ հանձնեք եկող սերունդներին: Իրականում, վերը ասվածի մեջ ոչ մի հակասություն էլ գոյություն չունի եւ ընդամենը՝ մարդկային բազմությունը բաժանվում է երկու մասի. մի մասն իր կյանքի ընթացքը կապում է ճակատագրի, իսկ մյուսը՝ Աստծո նախախնամության հետ…