Ի՞նչ է կատարվում ՀՅԴ-ի հետ


16:20 , 13 սեպտեմբեր, 2013

Մինչ ՀՅԴ առաջնորդներից Վահան Հովհաննիսյանը, որ արդեն ՀՀԿ-ական շրջանակների կողմից է համարվում «Մեր Վահանը» (համահունչ իր կարգախոսի), կիսաճամփորդական տրամադրությունների մեջ գերմաներենի իր գիտելիքներն է ամփոփում, նույն կուսակցության մյուս առաջնորդներից Արմեն Ռուստամյանն այսօր բավական հետաքրքիր պատասխաններ է տվել ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ: Ըստ Ռուստամյանի` ՀՅԴ-ն գործող իշխանությունների հետ կոալիցիա չի կազմի, անկախ Վահան Հովհաննիսյանի դեսպանական առաքելության մեկնելու իրողությունից: Միաժամանակ նաև ասել է, որ սերունդներին կտակելու են 42 հազ. քկմ տարածք: Որևէ այլ խամաճիկ կուսակցության մասին եթե խոսքը գնար այս տրամաբանությամբ, զարմանալու բան իրոք չէր լինի, սակայն մեկ դարից ավել գոյություն ունեցող, հայ քաղաքական մտքի հիմքերում կանգնած, ներքին բացառիկ կարգապահություն ունեցող (կամ անցյալում ունեցած) կուսակցության նմանատիպ կեցվածքն իրոք անհասկանալի է առաջին հայացքից:

Ո՞նց կարող է իրեն ընդդիմադիր նկատող մի կուսակցության լիդերներից մեկը սկսի համագործակցություն իրեն օպոնենտ իշխանական կուսակցության հետ, ու դա ներկուսակցական մակարդակում գոնե խմորումների առիթ չտա: Նույնիսկ մեր իրականության նման աբսուրդային իրականության համար նման վիճակն անհասկանալի է: Թեև սրան կա նաև բավական ուժեղ կռվան. ո՞վ է ՀՅԴ-ն. այստեղից սկսենք դիտարկել հարցը: Ի տարբերություն ասենք ՀՀԿ-ի և մյուս կուսակցությունների` այն վերհայաստանյան, ավելին` համահայկական կուսակցություն է ու հիմնականաում սնվում է սփյուռքի կուսակցական կառույցների ու բարերարների նվիրատվությունների հաշվին:

Հետևաբար, ՀՅԴ-ն ինչքան էլ համագործակցի իշխանության ու իշխանությունը ներկայացնող կուսակցության հետ (թեկուզ հորիզոնական-միջանձնային մակարդակում), միևնույնն է ունի իմիջ պահելու, ավելին «դեմք պահելու» խնդիր սփյուռքահայ կուսակիցների մոտ, որն առավել սրությամբ դրվում է հատկապես հիմա` Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցության հայտարարությունից հետո: Հովհաննիսյանի դեսպան նշանակվելն ի վերջո կարելի է մեկնաբանել սփյուռքի համար Մեծ եղեռնի 100-ամյակի հետ կապված խնդիրներին ՀՅԴ-ի պետական մակարդակով մասնակցության անհրաժեշտությամբ, և սա կաշխատի որպես հիմնավորող-արդարացնող փաստարկ` հաշվի առնելով, որ ՀՅԴ-ն, ավանդական ազգային կուսակցություն լինելով, սփյուռքահայության շրջանակներում հատկապես, Հայ դատի ու Հայոց պահանջատիրության հարցում միակ հետևողական աշխատանքներ տանող կառույցն է, իսկ այ իշխանությունների հետ համագործակցությունը հիմա, երբ իշխանությունները դեռ պատշաճ պատասխան, հիմնավորում ու արդարացում չեն տվել իրենց կատարած քայլի համար հայության այն մեծամասնությանը, որ ապրում է Հայաստանից դուրս և փաստացիորեն պահում է նույն Հայաստանը իր ռեսուրսներով, արդեն վտանգավոր է սկսած թեկուզ դրսի կուսակիցների աչքում նսեմանալու, սեփական դավանած սկզբունքներին ու արժեքներին դավաճանած լինելու և սրանցով պայմանավորված` նաև ֆինանսական հոսքերի նվազման տեսանկյունից: Ուստիև ներկայիս «մասնավոր պարագայի» տեսանկյունից ՀՅԴ վերնախավի կեցվածքը Հովհաննիսյանի դեսպան գնալու հետ կապված արդարացված է ու ճիշտ, թեև մի քիչ ավանտյուրա ունեցող: Հաջորդ ուշագրավ պահը սերունդներին 42 հազ. քկմ տարածք կտակելու մասին գաղափարն է:

Իր կուսակցական ծրագրի հիմքում ցայժմ անկախ ու միացյալ Հայաստանի մասին դրույթը պահպանող (դա շուրջ 160 հազ. քկմ տարածք է) կուսակցության առաջին դեմքերից մեկից այսօրինակ հայտարարություն լսելը առնվազն հայտնություն է ու բացահայտում: Ստացվում է, որ կամ Ռուստամյանն անձնապես այնքան ռեալիստ է, որ ազգային այդ երազանքի մեջ սկսել է միայն Արցախը հաշվել, կամ էլ ողջ ՀՅԴ-ն սկսում է վերանայել իր ազգային-քաղաքական դավանանքը: Ուրեմն, ՀՅԴ-ն խճճվում է սեփական ներկուսակցական ու միջկուսակցական խաղերի մեջ, ու այլևս սպառել է իր արդարացումների ու հիմնավորումների բազան, քանի որ, եթե միայն Արցախն է իր ազգային երազանքը, ապա արժեզրկվում է Հայ Դատը ու պահանջատիրությունը, եթե վերանայում է իր դավանանքը, ուրեմն այս կուսակցությանը ևս երկար կյանք չի մնացել, ու առնվազն ամենամոտ ապագայում հնարավոր է խզում լինի վերջինիս հայաստանյան ու սփյուռքյան թևերի միջև: Այսպիոսվ, ի՞նչ է կատարվում, ազգային կուսակցությունն էլ է սկսել սեփական դեմքի գնով աթոռակռվի մարաթոնյան վազքի մեջ մտնել: