Ռուսաստանի հարավը՝ վերջին 5 տարվա ամենաուժգին փոթորկի տիրույթում. Ղրիմում մոտ կես միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության


14:13 , 27 նոյեմբեր, 2023
Ռուսաստանի հարավը պատուհասած փոթորիկը ավերիչ հետևանքներ է ունեցել. ամենալուրջը եղել է Ղրիմում և Կրասնոդարի երկրամասում։ Ինչպես նշում է ren.tv-ն, այն անվանել են «դարի փոթորիկ»։

Հաղորդվում է, որ փոթորկի ժամանակ մեկ նավաստի է զոհվել, ևս մեկը ծանր վիրավորվել է:

Հարյուր հազարավոր տեղի բնակիչներ իրենց վրա են զգացել բնական տարերքի ողջ ուժը: Սևաստոպոլում և Եվպատորիայում կան տուժածներ, առնվազն մեկ մարդ անհետ կորած է համարվում։ Սևաստոպոլը, հավանաբար, իր վրա է վերցրել հիմնական հարվածը՝ փոթորկի ժամանակ այնտեղ վիրավորվել է երեք մարդ, որոնք բժշկական օգնության կարիք են ունեցել։ 

Մեկ ժամվա ընթացքում հորդառատ անձրևն ու փոթորիկը Ղրիմի բնակիչների տներն ու բնակարանները վերածել են «լողավազանների»։

«Ծովն ափերից դուրս է եկել, մայրուղին ամբողջությամբ ջրի տակ է անցել, Եվպատորիայում լողափ ընդհանրապես չկա, տեսեք, սա ծովն է»,- ասել է տեղի բնակիչներից մեկը։

Ղրիմում մոտ կես միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության։

Վերջին հինգ տարվա ընթացքում ամենաուժեղ փոթորիկը պատուհասել է ամբողջ Սև ծովի ափը։ Կրասնոդարի երկրամասում քամին պոկել է տների տանիքները։

Արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ շտաբներն այժմ տեղակայվել են Սև ծովի գրեթե բոլոր ափամերձ քաղաքներում։ Մի քանի առողջարաններում կազմակերպվել են աղետից տուժածների համար ժամանակավոր կացարաններ։