Ալեքսանդր Լուկաշենկոն դարձել է Շնոբելյան մրցանակի դափնեկիր


09:22 , 13 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Հարվարդի համալսարանում նախօրեին տեղի է ունեցել Հականոբելյան կամ Շնոբելյան մրցանակի (Ig Nobel prize) հանձնման հանդիսավոր արարողությունը, հայտնում է Лента-ն՝ մանրամասնելով, որ մրցանակաբաշխության ընթացքում պարգևատրվում են գիտական ոլորտում ամենակասկածելի ու զավեշտալի «նվաճումների» հեղինակները։

Ինչպես նշում է Agence France-Presse-ը, մրցանակները շնորհվել են 10 անվանակարգերում, որոնցից մեկի՝ 2013թ. խաղաղության Հականոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Միջոցառման կազմակերպիչները նշել են, որ նախագահն արժանացել է մրցանակի հրապարակային ծափահարություններն արգելող որոշման համար, որը սահմանվել է 2011թ.՝ մի շարք հակակառավարական ելույթներից հետո, որոնց ընթացքում մասնակիցները լուռ ծափահարել են։ Կազմակերպիչներն առանձնացրել են մի դեպք, երբ արգելքը խախտելու համար Մինսկի դատարանը տուգանել է միձեռնանի մարդու։

Հոգեբանության ոլորտում մրցանակ են ստացել մի խումբ հետազոտողներ, ովքեր պարզել են, որ հարբած մարդիկ իրենց ավելի գրավիչ են համարում։

Ինժեներային անվտանգության ոլորտում մրցանակ է ստացել ամերիկացի Գուստանո Պիցոն, ով ստեղծել է մի սարք, որով հնարավոր է վնասազերծել ինքնաթիռը գրաված հանցագործին ու պարաշյուտի միջոցով նրան ուղարկել ուղիղ ոստիկանների մոտ։

Կենսաբանության ու աստղագիտություն ոլորտների ընդհանուր մրցանակ է ստացել գիտնականների միջազգային խումբը, որը պարզել է, որ մոլորված բզեզները կարողանում են գտնել տան ճամփան՝ կողմնորոշվելով Ծիր Կաթինով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ