«Վոյաջեր 1»-ը լքեց Արեգակնային համակարգը. NASA


23:25 , 12 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Ամերիկայի ազգային օդագնացության և տիեզերագնացության գործակալությունը՝ (NASA)-ն պաշտոնապես հայտարարեց, որ 1977 թվականին Երկիր մոլորակից արձակված «Վոյաջեր 1» արբանյակը լքել է մեր հարազատ Արեգակնային համակարգը։

Այդ մասին հայտարարվեց այսօր՝ սեպտեմբերի 12-ին NASA-ի պաշտոնական կայքում հեռարձակվող մամլո ասուլիսում։ Այդ պատմական իրադարձության մասին հայտարարող գրառումը տեղ գտավ նաև Twitter-ում @NASAVoyager-ի էջում։

«Այմ մենք միանշանակ կարող ենք ասել, որ մենք այնտեղ ենք՝ այնտեղ, որտեղ երբեք մարդկային հասարակությունը չէր եղել»,- հայտարարվեց NASA-ի ուղիղ միացման ժամանակ։ 
Նշենք, որ վերջին տարիների ընթացքում գիտանականները քննարկումներ էին անցկացնում հարցի շուրջ, թե արդյոք Վոյաջեր 1-ը լքել է մեր Արեգակի ազդեցության տակ գտնվող տիեզերական տարածությունը։ Արբանյակից ստացված տվյալները վերլուծաբանների կողմից տարակարծությունների տեղիք էին տալիս, սակայն վերջին ամփոփ տվյալներն ապացուցում են, որ այն անվերադարձորեն լքել է մեր համակարգն ու մտել միջաստղային տարածություն։ Այդ կերպ Վոյաջերը շարունակում է մնալ Երկիր մոլորակից ամենահեռու տարածության վրա գտնվող մարդկային հետքը։ 
Ռադիոիզոտոպային հիմքի վրա շարժիչը, որը սնուցում է արբանյակը կարող է բավարարել մեքենային աշխատել ու տվյալներ ուղարկել Երկիր մոլորակ մինչև 2025-30 թվականները։ Դրանից հետո նրա հզորությունը պարզապես չի բավարարի բավականաչափ հզոր ուժգնությամբ ռադիոհրահանգներ ուղարկել մարդկանց։ Վոյաջերն այժմ Երկիր մոլորակից գտնվում է 18,4 մլրդ կմ հեռավորության վրա։