Օդեսայում պայթյուններ են որոտացել․ լրատվամիջոցներ


22:48 , 10 նոյեմբեր, 2023

Ուկրաինայի Օդեսա քաղաքում օդային տագնապի ազդանշանի ֆոնին պայթյուններ են որոտացել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ ուկրաինական լրատվամիջոցներին հղումով։

Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզների տվյալներով՝ Օդեսայի մարզում օդային տագնապը հայտարարվել է Մոսկվայի ժամանակով ժամը 20։35-ին (Երևանի ժամանակով՝ 21։35) և հնչում է մինչ այս պահը։

Իր հերթին ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով միջադեպին ականատես իր աղբյուրներին, հայտնել է, որ Օդեսայի մարզի Չեռնոմորսկ քաղաքում երեք պայթյուն է որոտացել։

Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։