19:17 , 12 սեպտեմբեր, 2013
Արթնացավ, երբ դեռ օրը նոր էր երեկոյանում: Գիշերային հերթապահությունից հետո երեք-չորս ժամ էր միայն հասցրել հանգստանալ: Շտապով վեր կացավ ու գնաց լոգարան: Շատ գործեր ուներ: Լավ է, ժամանակ դեռ կար պատրաստվելու համար: Տաք ցնցուղից հետո արագ սափրվեց ու սկսեց հանգնվել: Երեկոյան կոստյում, սպիտակ շապիկ, նորաձև կոշիկներ... Երբ վերջացրեց, մի վերջին անգամ էլ իրեն զննեց զգեստապահարանի հայելու մեջ ու քայլեց դեպի միջանցք: Երկու րոպեից արդեն փողոցում էր: Բարեբախտաբար, տաքսին շուտ եկավ: Փոքրիկ թերթիկի վրա գրված էր միայն հանդիպման վայրի հասցեն: Մեկնեց վարորդին: «Դեղին տաքսին» սկսեց արհեստավարժ մանևրներով ճողոպրել մեքենաների կուտակումի սողանցքներով:
***
Վերջապես կանգնեց հերթական երկնաքերի շքամուտքի դիմաց: Դուրս եկավ մեքենայից ու մտավ ներս: Ֆոյեն անցավ գրեթե աննկատ ու մտավ վերելակ:
54-րդ հարկ, 854 սենյակ: Ահա և այն: Սեղմեց զանգի կոճակը: Դուռը բացեց արդեն ծերացող մի պարոն` կանաչ-կատվային աչքերով, դարչնագույն ներկված մազերով:
-Խնդրեմ, ներս եկեք,-ասաց զուսպ ու բարեկիրթ ձայնով:
Մտավ ներս ու հետևեց տանտիրոջը, որ առաջնորդում էր նրան դեպի հյուրասենյակ:
Փենհաուզը կահավորված էր լավագույնս: Թանկարժեք կահույք, նկարներ արձանիկներ:
-Խնդրեմ նստեցեք,- ձեռքով հարմարավետ բազմոցը ցույց տվեց տանտերը:
-Շնորհակալ եմ,-պատասխանեց ակամա:
-Ձեզ ազատ զգացեք, չէ՞ որ Դուք իմ հյուրն եք,-հարեց տանտերը:- Որևէ բան կխմե՞ք:
-Օղի, ռուսական, տրամադրության համար,- պատասխանեց անտարբեր:
Տանտերն անձայն հեռացավ, ասես սահեց դեպի մյուս սենյակ: «Հյուր, ես քո մերը,- ինքն իրեն նետեց,- զզվում եմ այս կնաբարո ազնվականներից ու երբեմնի հայտնի փայլակորուստ աստղերից»:
-Խնդրեմ,-վերադարձավ տանտերը սկուտեղը ձեռքին:-Ես ինձ կոնյակ եմ բերել:
***
Փոքրիկ հախճապակե գրաֆինը դատարկեց հինգ րոպեում:
-Ինչո՞վ եք զբաղվում,-փորձեց խոսակցություն բացել տանտերը` դանդաղ ումպերով դատարկելով կոնյակի գավաթը:
-Ես հասթլեր եմ,- պատասխանեց կարճ:
-Միա՞յն,- զարմացած նայեց տանտերը:
-Կներեք, պարոն, ես այսօր էլի հանդիպում ունեմ,- չոր հարեց` խոսակցությունը փակելով:
-Դե ուրեմն սկսենք,- կեղծ-վիրավորված պատասխանեց տանտերը:
Հանեց պիջակը, արձակեց փողկապը, ապա շապիկի կոճակները:
-Ես ինքս,-լսվեց տանտիրոջ գրգռված մռլտոցը,-մնացածը ես ինքս:
Ձեռքերը թույլ թողեց, մինչ տանտերը կմերկացներ նրան լիովին: Աչքերը փակեց` չտեսնելու համար նրա ծերացող դեմքն ու դիմափոշու տակ թաքցված կնճիռները: «Ծեր սրիկա»,- մտածեց ակամա ու փորձեց անջատվել, պատկերացնել իրեն ծովափին կամ ... գրողը տանի թեկուզ դժոխքում: Տանտերն արհեստավարժ կերպով համբուրում ու լիզում էր նրա կուրծքը, լեզվով դանդաղ սահում դեպի վիզը: Փորձեց համբուրել շրթունքները:
-Ոչ,-չոր արգելակեց դեմքը շրջելով: Տանտերը շարունակեց իր գգվանքները արդեն որովայնի ու տորսի շրջաբնում, իջավ դեպի գոտկատեղ: Ձեռքի ափերը սեղմեց բռունցքի մեջ ու խորը շունչ քաշեց:
«Շուռ արի»,- լսվեց տանտիրոջ հևոցի միջից: Հիշեց իր վերջին արձակուրդը ծովափում, գեղեցիկ մայրամուտներն ու խարույկի մոտ զրույցները` կտրվելու համար իրականությունից, ուզեց հիշել ծովի ալիքների խշշոցը` չլսելու համար տանտիրոջ հևոցն ու տնքոցը: Վերջ: Թուլացած տանտերը ուղղակի փլվեց հատակին: Սկսեց հագնվել: Մինչ այդ տանտերը ոտքի ելավ, գնաց մյուս սենյակ: Վերադարձավ երեսսրբիչն ու դրամապանակը ձեռքին: Սրբիչը մեկնեց` վերցրու, սրբվիր: Երբ արդեն հագնվել-վերջացրել էր, տանտերը նրան մեկնեց հինգ հիսունդոլարանոց:
-Ձեր վարձը, պարոն:
-Բայց մենք 300 դոլար ենք պայմանավորվել:
-250 դոլար կա ինձ մոտ հիմա, կներեք,-եղավ պատասխանը:- Խնդրեմ շտապեք, ես հյուրեր ունեմ:
***
Արդեն փողոցում սիգարետ վառեց: Ձեռքն այրվում էր հինգ հիսուն դոլարանոցներից: Զզվանքով խցկեց գրպանը և տաքսի կանգնեցրեց: Արդեն մութ էր:
-Ո՞ւր գնանք,- հարցրեց սևամորթ վարորդը:
Արհեստական ձայնով ասաց սեփական հասցեն ու փլվեց հետևի նստատեղին: Փակեց աչքերը` ոչինչ չտեսնելու համար:
***
-Արդեն վերադարձա՞ք, պարոն,-դեռ միջանցքում լսեց այցելու բուժքրոջ ձայնը:
-Այո,-պատասխանեց հոգնաբեկ:-Ինչպե՞ս է դուստրս:
-Այսօր համեմատաբար բավականին լավ: Սնվել է, մի փոքր զբոսնել ենք այգում:
-Շատ լավ է,-պատասխանեց առաջանալով դեպի դստեր սենյակը: Սենյակում` անվասայլակին ութամյա աղջնակի կաթվածահար մարմինն էր ու զույգ ժպտուն հրեշտականման աչքեր, որ խոսում էին մարմնում կյանքի առկայծման մասին: Համբուրեց դստեր գլուխը: Զույգ աչքերը սկսեցին արցունքոտվել. երևի ուրախացան, ճանաչեց հորը:
-Իմ գնալու ժամանակն է,-հոր ու դստեր լուռ զրույցն ընդհատեց բուժքույրը:
-Ա աաա, մի րոպե սպասեք,-վեր կացավ, գրպանից հանեց 250 դոլարն ու մեկնեց բուժքրջը,- ստացեք խնդրեմ անցյալ շաբաթվա վճարը և այս շաբաթվա դեղերի համար:
Գումարն անհետացավ բուժքրոջ պայուսակում:
***
-Իմ փոքրիկ փոքրիկ հրեշտակ,-շարունակեց դստեր հետ իր լուռ զրույցը,-դու կապաքինվես, միասին կգնանք ծովափ: Այնտեղ շատ արև կա, լույս ու ջերմություն, ինչպես քո աչքերում: Դու անպայման, անպայման կապաքինվես. չէ՞ որ մենք մենակ չենք, աստված սիրում է քեզ:
Իսկ պատասխանը զույգ աչքերից հոսող հորդ արցունքներն էին, որ թրջում էին հոր սպիտակ շապիկը: Օրն արդեն ավարտվել էր: Գիշեր էր: