Դեռ կան պետական գործիչներ, որոնք խրախուսում են այլ ժողովուրդների հանդեպ ռասիզմի քարոզը ՄԱԿ-ում ՀՀ դեսպան


19:09 , 12 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան անցկացրել է քննարկում՝ անհրաժեշտ միջոցներով պետությունների կողմից իրենց քաղաքացիներին պաշտպանելու պատասխանատվության հարցի շուրջ:

Ի թիվս այլ անդամ պետությունների ներկայացուցիչների, ելույթով հանդես է եկել նաև ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը, ով անդրադարձավ նշված թեմայի քննարկումը սեպտեմբերի 11-ի սարսափելի ողգբերգության տարելիցի լույսի ներքո: 

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նա կարևորել է պաշտպանելու պատասխանատվության հայեցակարգի կիրառմանը նվիրված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նոր զեկույցում տեղ գտած դրույթները, որոնք միտված են զանգվածային սպանությունների հանցագործության ռիսկերի նվազեցմանն ու այս առթիվ ինստիտուցիոնալ կարողությունների բարելավմանն ուղղված օրենսդրական և քաղաքական առաջարկություններին:

Դեսպան Նազարյանը, մասնավորապես, կանգ է առել ատելություն սերմանող ճառերի ու հռետորաբանության հիմնախնդրին, որոնց միջոցով այսօր էլ շարունակվում են քաջալերվել ցեղասպանությունները և մարդկության հանդեպ այլ հանցագործությունները: Այդ համատեքստում նա նշեց, որ, ժամանակակից աշխարհում դեռևս գոյություն ունեն պետական գործիչներ ու ղեկավարներ, որոնք հետևողականորեն խրախուսում են այլ պետությունների և ժողովուրդների հանդեպ ռասիզմի ու անհանդուրժողականության քաղաքականության քարոզը: 

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորել է միջազգային ու ազգային մակարդակներում հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև կրթության դերը այլատյացությունը մերժելու գործում, որը խաթարում է մարդկային արժանիքները և հարցականի տակ դնում հասարակությունների համախմբվածությունը:

Դեսպանը նաև խոսել է ՄԱԿ-ի կանխարգելման ռազմավարության, օրակարգի ու մեխանիզմների կատարելագործմանը միտված Հայաստանի Հանրապետության ջանքերի ու քայլերի մասին: