18:45 , 12 սեպտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել շվեդ հայտնի դիվանագետ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հազարավոր հրեաների կյանքեր փրկած Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի կողմից ՀՀ Նախագահ և այդ հիմնադրամի պատվավոր անդամ Սերժ Սարգսյանին «Ռաուլ Վալենբերգի 100-ամյակի մեդալով» պարգևատրման արարողությունը:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, միջոցառմանը հիմնադրամի կողմից հետմահու հարգանքի տուրք է մատուցվել նաև բժիշկ Հարություն Ռուբենի Խաչատրյանին՝ Հոլոքոստի ժամանակ ցուցաբերած փրկարարական գործողությունների համար. Նրան նույնպես շնորհվել է «Ռաուլ Վալենբերգի 100-ամյակի մեդալ», որը հանձնվել է Հարություն Խաչատրյանի թոռնուհուն՝ Աննա Խաչատրյանին:
Ռաուլ Վալենբերգի հիմնադրամի հիմնադիր Բարուխ Թենեմբաումը և հիմնադրամի փոխնախագահ Դանիել Ռայներն իրենց ելույթներում ներկայացրել են հիմնադրամի ստեղծման պատմությունը, առաքելությունն ու գործունեությունը՝ ընդգծելով, որ միջազգային այդ հիմնադրամի նպատակն է կրթական ծրագրերի մշակման և իրազեկության բարձրացման միջոցառումների շնորհիվ սերմանել քաղաքացիական խիզախության և համերաշխության արժեքները` Հոլոքոսթի տարիներին մարդկային կյանքեր փրկած անհատների օրինակով: Հիմնադրամն զբաղվում է պատմական գիտահետազոտական աշխատանքներով, որի մի մասն է կազմում նաև Վալենբերգի ջանքերով փրկվածների և նմանօրինակ խիզախություն դրսևորած այլ անձանց մասին տեղեկատվության հավաքագրումն ու հրապարակումը: Հիմնադրամի ներկայացուցիչներն իրենց երախտագիտությունն են հայտնել Հոլոքոսթի տարիներին մարդկային կյանքեր փրկած բազմաթիվ հայերին, որոնց բոլորին հարգանքի տուրք կմատուցվի, մանրամասն կուսումնասիրվի և կհրապարակվի նրանց հերոսական կյանքի պատմությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ