16:32 , 12 սեպտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
«ՏԱՍՍ-Տելեկոմ» վերլուծական խմբի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ 2012թ-ին աշխարհի 100 խոշորագույն բարձր տեխնոլոգիական ընկերությունների եկամուտները 2012թ-ին աճել են 2 տոկոսով՝ կազմելով 2,040 տրիլիոն ԱՄՆ դոլար:
«Ռոսիյսկայա Գազետա» պարբերականի փոխանցմամբ՝ նոր ռեյթինգում առաջին տեղը, ինչպես և մեկ տարի առաջ, զբաղեցնում է Samsung ընկերությունը: Նրա եկամուտը գնահատվում է 187,75 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 73 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի: Երկրորդ տեղում մոբիլ շուկայում Samsung-ի գլխավոր մրցակից Apple ընկերությունն է, որը նախորդ տարի ստացել է 156,51 մլրդ ԱՄՆ դոլար եկամուտ՝ ավելացնելով այն 61 տոկոսով: Ռեյթինգի երրորդ տեղում է Hewlett-Packard ընկերությունը՝ 120,36 մլրդ ԱՄՆ դոլար արդյունքով:

Առաջին հնգյակում է նաև համակարգչային սարքավորումներ և ծրագրային ապահովում արտադրող ամերիկյան IBM ընկերությունը, որի եկամուտը նախորդ տարի կազմել է 104,5 մլրդ ԱՄՆ դոլար: Հնգյակը եզրափակում է ճապոնական Panasonic ընկերությունը՝ 91,5 մլրդ ԱՄՆ դոլար եկամուտով:
6-ից 10-րդ տեղերը ռեյթինգում զբաղեցրել են ամերիկյան և ճապոնական ընկերությունները՝ Sony, Toshiba, Dell, Fuji և Intel: Ռուսաստանի վերջին ներկայացուցիչը՝ Sitronics ընկերությունը լքել է «թոփ-100»-ը. նախորդ տարի այն զբաղեցնում էր 98-րդ տեղը:
Միացյալ Նահանգները նախկինի պես առաջատար ՏՏ տերությունն է: 100 ամենախոշոր բարձր տեխնոլոգիական ընկերությունների թվում 46-ը ԱՄՆ-ից են: Նրանց ընդհանուր եկամուտը նախորդ տարի կազմել է 822 մլրդ ԱՄՆ դոլար: Ոլորտի եկամտի 90 տոկոսը բաժին է հասնում հինգ երկրի՝ ԱՄՆ, Ճապոնիա, Թայվան, Չինաստան և Հարավային Կորեա:
Նշվում է, որ աշխարհի խոշորագույն ՏՏ ընկերություններում աշխատում է ավելի քան 5,34 մլն մարդ: Աշխատակիցների ամենամեծ քանակը՝ 434 հազար, ունի IBM-ը, 331.800 աշխատակից ունի Hewlett-Packard ընկերությունը, Panasonic-ի աշխատակազմը 293.700 մարդ է, Toshiba ընկերությանը՝ 210 հազար, իսկ Fujitsu ճապոնական հսկայինը՝ 168.700 մարդ: