16:50 , 12 սեպտեմբեր, 2013Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:
6. Էդվարդ Մորդրեյք

Էդվարդ Մորդրեյքը մի երիտասարդ էր, ով ապրել է 19-րդ դարում: Էդվարրդը տառապում էր մի շատ տարօրինակ անոմալիայով. նա գլխի հետևի մասում երկրորդ դեմք ուներ: Այդ դեմքը կարող էր ծիծաղել և արտասվել, սակայն չէր կարող ուտել կամ խոսել: Էդվարդն աղաչում էր բժիշկներին հեռացնել այդ «դիվային դեմքը», քանզի այն գիշերները սատանայական բաներ էր շշնջում Էդվարդին: Այնուամենայնիվ, ոչ մի բժիշկ չէր համարձակվում նման ռիսկային վիրահատություն կատարել: Նմանատիպ անոմալիայով տառապել են նաև Չանգ Ցզի Պինգը և Պասկուալ Պինյոնը: Ցավոք, Էդվարդ Մորդրեյքն ինքնասպանություն գործեց 23 տարեկան հասակում: Դժվար է նրա անոմալիայի մասին ստույգ փաստեր արձանագրել, քանզի բացակայում են նրա հիվանդության մասին հավաստի և արժանահավատ բժշկական տվյալները: Նրա ինքնասպանության, ինչպես նաև նրա «կրկնակի» դեմքի գտնվելու տեղի մասին հակասական տեղեկություններ կան: Մորդրեյքի մասին մեր ունեցած տեղեկատվությունը մեծավմասամբ հիմնվում է բանավոր խոսակցությունների վրա: Գոյություն ունի «կրկնակի դեմքով» մի մարդու նկար, որը արագորեն տարածում գտավ տարբեր էլեկտրոնային և տպագիր աղբյուրներում: Ենթադրվում է, որ այդ նկարում պատկերված մարդը Էդվարդ Մորդրեյքն է, սակայն դա սոսկ ենթադրություն է: 2002 թ.-ին Թոմ Վեյթսը իր «Ալիս» օպերայի համար գրեց «Խեղճ Էդվարդը» երգը` նվիրված Էդվարդ Մորդրեյքին:
Հետաքրքիր փաստ. Պարազիտային քրանիոպագին մի հիվանդություն է, որի դեպքում մայրական արգանդում զույգերից մեկի մարմինը չի զարգանում, իսկ գլուխը հարաճում է մյուս պտղի գլխին, ինչի արդյունքում ստեղծվում է երկու գլխի տպավորություն: Մինչ այժմ արձանագրվել է տասն այսպիսի անոմալիա, սակայն պատմության մեջ գրվել է 80 նման դեպքի մասին:
7. Թոմի Բարքս

Թոմի Բարքսը Ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ էր, քաղաքական գործիչ, ով բնակվում էր ԱՄՆ-ի Թենեսի նահանգում: 1978-1998 թթ. նա աշխատում էր Թենեսի Սենատում: Նա Սենատի ամենապահպանողական դեմոկրատներից մեկն էր: Բարքսը դեմ էր, որպեսզի արհեստական վիժումներ լինեին, դեմ էր թղթախաղին, ինչպես նաև ազգային վիճակախաղին: 1998 թ.-ի հոկտեմբերի 19-ին` սենատորի ընտրություններից մի ամիս առաջ, Բարքսին սպանեց Հանրապետական կուսակցության իր հակառակորդ Բայրոն Լուփերը: Լուփերը մեղավոր ճանաչվեց Բարքսին գնդակահարելու մեջ: Ներկայումս նա կրում է ցմահ ազատազրկման դատավճիռը Մորգանի շրջանի ուղղիչ տանը: Բարքսի սպանությունից հետո նրա կին Շառլոտը մասնակցեց ընտրություններին և հաղթանակ տարավ: Նա քարոզարշավ չանցկացրեց, սակայն դա չխանգարեց նրան հավաքել ձայների 95%-ը և հաղթել մրցակցին: 2002 և 2006 թվականներին Շառլոտ Բարքսը վերընտրվեց սենատորի պաշտոնում: 2010 թ.-ին Բարքսը չորրորդ անգամ վերընտրվեց Սենատորի պաշտոնում`183 ձայնով առաջ անցնելով իր հանրապետական մրցակից Գերի Սթիքլիից:
Հետաքրքիր փաստ. Պատմության ընթացքում միայն 4 ԱՄՆ սենատորներ են սպանվել, և չորսից երկուսը եղել են նահանգային սենատորներ: Այդ սենատորներն են Դեյվիդ Ռեմսին, Հյուի Լոնգը, Ռոբերտ Ֆ. Քենեդին և Թոմաս Բարքսը:
8. Հենրիխ Մյուլլեր (Գեստապո)

Հենրիխ Մյուլլերը գերմանացի ոստիկան էր, որը ծառայում էր Վեյմարի Հանրապետությանը և Նացիստական Գերմանիային: Նա դարձավ Գեստապոյի ղեկավար: Գեստապոն Նացիստական Գերմանիայի գաղտնի ոստիկանական ծառայությունն էր: Մյուլլերը ներգրավված էր Հոլոքոստի ծրագրման և իրականացման մեջ: Հենրիխին անվանում էին Գեստապո Մյուլլեր, որպեսզի այս կերպ տարբերեին նրան և Հենրիխ Մյուլլեր անունով մի այլ նացիստ պաշտոնյայի: Գեստապո Մյուլլերը մեծ դերակատարում ուներ Հիտլերի դեմ անհնազանդության դրսևորումները ճնշելու գործում: Նա մեղավոր է նաև Եվրոպայի հրեաների բնաջնջման մեջ: 1945 թ.-ի ապրիլին Գեստապո Մյուլլերը նացիստների վերջին խմբերից մեկում էր, որն ուղարկվեց Բեռլինի կենտրոնում գտնվող Ֆյուրերբունկեր ճիշտ այն ժամանակ, երբ Կարմիր բանակը փորձում էր մուտք գործել քաղաք: Մյուլլերին վերջին անգամ բունկերում տեսել են 1945 թ.-ի մայիսի 1-ի երեկոյան` Հիտլերի ինքնասպանությունից մի օր անց: Հետագայում Հիտլերի օդաչու Հանս Բաուրը ցիտել է Մյուլլերի հետևյալ խոսքերը. «Մենք լավ գիտենք ռուսական մեթոդները: Ես դույզն իսկ չեմ ցանկանում գերեվարվել»: Այդ օրից ի վեր Գեստապո Մյուլլերի հետքն անգամ չի երևացել: Նա նացիստական վարչակարգի ամենաբարձր պաշտոնյաներից է, ում անհետացումը գաղտնի է մնացել մինչ օրս: 2001 թ.-ին Կենտրոնական հետախուզական գործակալությունը հրապարակեց Մյուլլերի մասին իր հավաքագրած տվյալները, որոնցից պարզ դարձավ, որ ԱՄՆ-ն քանիցս փորձել է հայտնաբերել նրան, սակայն այդ բոլոր փորձերն էլ անհաջողությամբ են պսակվել: Այն հանգամանքը, որ «Հենրիխ Մյուլլերը» շատ տարածված գերմանական անուն էր, բարդացնում էր որոնումների ընթացքը:
Հետաքրքիր փաստ. Հետախուզությունների կենտրոնական վարչությունը վստահ էր, որ եթե Մյուլլերը ողջ էր, նա հանգրվանում էր Խորհրդային Միության տարածքում: Այնուամենայնիվ, երբ 1991 թ.-ին Խորհրդային Միությունը փլուզվեց և հնարավոր եղավ բացել նրա արխիվները, Մյուլլերի մասին ոչ մի նոր փաստեր չբացահայտվեցին: Անհավանական է, որ 1900 թ.-ին ծնված Մյուլլերը պատերազմից փրկվեր:
9. Սեմիր Օսմանագիկ

Սեմիր Օսմանագիկը գրող և հնագետ է, ով բնակվում է ԱՄՆ-ում: Նա հայտնի է Բոսնիական բուրգերի տեսության համար: Ըստ այս տեսության` Բոսնիայի Վիսոկո քաղաքի մոտակայքում գտնվող քարե կառույցները աշխարհի ամենամեծ բուրգերի հովիտն են կազմում: Վիսոչիցա անունը կրող բլուրը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց 2005 թ.-ի հոկտեմբերին` այն բանից հետո, երբ մի լրատվամիջոցով հաղորդվեց այն տեսակետը, թե բլուրը մարդակերտ է: 213 մետրանոց այս բրգաձև բլրի վրա մի ժամանակ ծառանում էր Վիսոկի քաղաքը: 2006 թ.-ին Օսմանագիկը լայնածավալ հնագիտական պեղումներ նախաձեռնեց այս տեղանքում: Նա Վիսոչիցա բլուրն անվանեց Արևի Բուրգ և մերձակա երկու այլ բլուրներն անվանեց Լուսնի Բուրգ և Վիշապի Բուրգ: Օսմանագիկը նշել է, որ այս բուրգերը կառուցվել են Բալկանների բնակչության կողմից մ.թ.ա. 12,000-500 թթ.: Գիտնականները հետագայում հերքեցին Բոսնիական բուրգերի տեսությունը և նշեցին, որ չկա ոչ մի գիտական ապացույց, որով կհաստատվի այն վարկածը, որ բուրգերը մարդակերտ են: Դրանք բնական քարե գոյացություններ են: Նրանք Բոսնիական տեսության կողմնակիցներին դիլետանտ որակեցին:
Հետաքրքիր փաստ. Բոսնիական բուրգերի համալիրը կազմված է հինգ հիմնական կառույցներից: Դրանց միջև ընկած հեռավորությունը շուրջ 2.5 կմ. է, և դրանք կազմում են հավասարակողմ եռանկյունի:
10. Բերի Բրեմեն

Բերի Բրեմենը հայտնի է սպորտի աշխարհում իբրև «Մեծն Ինքնակոչ», քանզի չլինելով պրոֆեսիոնալ մարզիկ` ներկայանում էր իբրև պրոֆեսիոնալ և խաբեությամբ մասնակցում տարբեր առաջնությունների: Նա հանդես է եկել իբրև Բեյսբոլի գլխավոր լիգայի մրցավար աշխարհի առաջնությունում, բեյսբոլիստ Բեյսբոլի գլխավոր լիգայի բոլոր աստղերի խաղում և NBA-ի բոլոր աստղերի խաղում, Ֆուտբոլի ազգային լիգայի մրցավար և գոլֆ խաղացող: Նա նաև ստացել է Էմմիի մրցանակ: Բերին ապրում էր «Ով ռիսկի չի դիմում, շամպայն չի խմում» կարգախոսով: 1979 թ.-ի փետրվարի 4-ին Բերի Բրեմենը կրում էր «Կանզասի արքաներ» խմբի համազգեստ և NBA-ի բոլոր աստղերի առաջնության նախավարժանքի ժամանակ դաշտ դուրս եկավ այդ հագուստով: Նրան դաշտից վռնդեց Կանզասի թիմի խաղացող Օթիս Բրդսոնգը` ասելով. «Այդ ինչպե՞ս է ստացվել, որ դու խաղում ես իմ թիմի համար, իսկ ես քեզ անգամ չեմ էլ ճանաչում»: 1979 թ.-ի հուլիսի 17-ին` Բեյսբոլի գլխավոր լիգայի բոլոր աստղերի առաջնության ժամանակ, հեռուստալրագրող Դիք Սչափի և բեյսբոլիստ Ջորջ Բրեթի օգնությամբ Բրեմենը դաշտ մտավ Նյու Յորքի Յանքիների համազգեստով: 1980 թ.-ին Բրեմենը հանդես եկավ իբրև մրցավար: Հետագայում հայտնաբերվեց, որ նա իրականում այդ խաղի մրցավարը չէր: 1980 թ.-ին նա իբրև գոլֆի խաղացող մասնակցեց ԱՄՆ-ի` գոլֆի բաց մրցմանը (U.S. Open): Նա այնքան վատ էր խաղում, որ հանդիսատեսներից մեկը հարցրեց ԱՄՆ-ի գոլֆի ասոցիացիային, թե ինչպես է այդպիսի անպետք խաղացողը որակավորում ստացել:
Հետաքրքիր փաստ. 1985 թ.-ին Փասադենայում անցկացվող Էմմի մրցանակաբաշխության ժամանակ Բրեմենը անակնկալ կերպով բեմ է ելել և ընդունել է «Երկրորդական դեր կատարող լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող ճանաչված Բեթի Թոմասի մրցանակը: Մրցանակ հանձնողը` Փիթեր Գրեյվսը, շփոթվել է` տեսնելով բեմ բարձրացող Բրեմերին և շվարած նրան է հանձնել մրցանակը: Այս խաբեության համար Բրեմենը կալանավորվեց, և նրանից գանձվեց 175 դոլար տուգանք: Նա հետագայում ներողություն խնդրեց Թոմասից` արդարանալով, թե ինքը կարծել է, որ Թոմասը դահլիճում չէր մրցանակաբաշխության արարողության ժամանակ: