Եգիպտացի լրագրողին մեղադրում են իսլամիստներին օգնելու մեջ


20:21 , 12 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Եգիպտացի զինվորական լրագրողը կկանգնի ռազմական դատարանի առաջ՝ սուտ լուրեր հրապարակելու և իսլամիստներին օգնելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Զինվորականների կարծիքով՝ Ահմեդ Աբու Դերաան, ով աշխատում է «Ալ-Մասրի Ալ-Յոում» թերթում, վնաս է հասցրել ազգային անվտանգությանը, քանի որ իսլամիստներին ներկայացրել է Եգիպտոսի անվտանգության ծառայության կոորդինատները: Բացի այդ, լրագրողին մեղադրել են համացանցում սուտ տվյալներ տարածելու մեջ:

Ինչպես հաղորդում է Ahram Online եգիպտական պարբերականը, Ահմեդ Աբու Դերաային մեղադրում են նաև նրանում, որ նա լուսանկարել է Սուեզի ջրանցքը և այլ օբյեկտներ, որոնք արգելված է լուսանկարել, և հատել է ռազմական տիրույթների սահմանները:

Թերթը, վկայակոչելով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությանը, նշում է, որ լրագրողին ձերբակալել են այն բանից հետո, երբ «Ալ-Մասրի Ալ-Յոում»-ում հրապարակվել է հոդված, համաձայն որի՝ եգիպտական բանակի զինծառայողները կրակել են խաղաղ բնակիչների վրա: