15:24 , 12 սեպտեմբեր, 2013
Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշումը կարծես թե հարմար պատրվակ է նաև մի շարք եվրոչինովնիկների համար, ում իրարամերժ ու հակասող հայտարարություններից պարզ է դառնում, որ Հայաստանի որոշումը ուզում են օգտագործել նաև իրենց հռետորիկայի կոնտեքստում:
Հետաքրքիր է այս առումով Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական պահպանողականների եւ ռեֆորմիստների (ԵՊՌ) կուսակցության անդամ, Եվրախորհրդարանի ԵՊՌ խմբի արտաքին գործերի կոմիտեի խոսնակ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հետ հարաբերություններով զբաղվող պատվիրակության փոխնախագահ, Արտաքին գործերի կոմիտեի անդամ, ԵՄ-Հայաստան բարեկամական խմբի անդամ, բրիտանացի քաղաքական գործիչ Չարլզ Թաննոքի արձագանքը, ով չնայած բոլոր այլ հայտարարություններին, որոնք հնչում էին եվրոչինովնիկների շուրթերից, որ Հայաստանի համար դեռ բոլոր դռները չեն փակվել, և նրանք հասկանում են, որ գործ ենք ունեցել աննախադեպ ճնշման հետ՝ Ռուսաստանի կողմից, հայտարարել է.
«Ես հիասթափված եմ: Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական երկարաժամկետ կողմնորոշման ուղղությունը որոշելը Հայաստանի համար անկախ որոշում է, եւ մի որոշ ժամանակ մենք կարծում էինք, թե եվրատլանտյան ուղղության հետապնդումը, ԵՄ-ի հետ մերձեցումը ՀՀ իշխանության պաշտոնական քաղաքականությունն է: Բայց այն որոշումը, որն օրեր առաջ կայացվեց կամ հայտարարվեց նախագահ Սարգսյանի կողմից, որ ՀՀ-ն կմիանա Եվրասիական տնտեսական միությանը՝ դառնալով ՄՄ անդամ, իմ կարծիքով, բացառում է, որ Վիլնյուսում նոյեմբերին Հայաստանը նախաստորագրի Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագիրը: Այսպիսով, Հայաստանը ռազմավարական քայլ է կատարում՝ զարգացնելով ավելի սերտ տնտեսական եւ քաղաքական հարաբերություններ Մոսկվայի հետ՝ անհնարին դարձնելով Հայաստանի միացումը ԵՄ-ի հետ ԽՀԱԱԳ պայմանագրին:
Սա Հայաստանի որոշումն է, եւ ես գիտեմ, որ սրա համար Հայաստանը ենթարկվել է աննախադեպ ճնշումների Ռուսաստանի կողմից, որովհետեւ Մոսկվան որոշել է, որ իրենք պետք է արգելք հանդիսանան «Արեւելյան գործընկերությանը» եւ Արեւելյան տարածաշրջանի Եվրոպական հարեւանության քաղաքականությանը եւ պետք է ճնշումների ենթարկեն Հայաստանին...
Ես տեսնում եմ, որ Հայաստանն ընտրություն չուներ այս հանգամանքներում եւ ստիպված էր անել այն, ինչ Մոսկվան է ուզում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, բայց կարծում եմ, որ սա ամոթ է Հայաստանի եւ այն ջանքերի համար, որոնք ուղղված էին Հայաստանի արեւմտյան կողմնորոշմանը»:
Գիտե՞ք, ես ավելի հակված եմ հարելու Թաննոքի տեսակետին այն առումով, որ այն ավելի մոտ է իրականությանը, քան այն մերկապարանոց հայտարարությունները, որ Հայաստանի ասոցացվելու հեռանկարը սպառված չէ, և հնարավոր է Մաքսային միությունը համատեղել ԵՄ-ի հետ: