Կանխվել է Բավրայի մաքսատնով չհայտարարագրված 150 հատ «iPhone»-ի տեղափոխումը


16:56 , 27 հոկտեմբեր, 2023
ՊԵԿ-ը կանխել է չհայտարարգրված բջջային հեռախոսների խոշոր խմբաքանակի տեղափոխումը:


Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Օրերս ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների կողմից բացահայտվել է Բավրա պետական սահմանի անցման կետով՝ չհայտարարագրման եղանակով, թանկարժեք բջջային հեռախոսների ապօրինի տեղափոխման դեպք։

Մասնավորապես, Վրաստանից Հայաստանի Հանրապետություն ժամանած տրանսպորտային միջոցի զննությունից պարզ է դարձել, որ բեռնախցիկում առկա է «Apple» ապրանքանիշին պատկանող «iPhone» տեսակի 150 բջջային հեռախոս:

Հեռախոսների ընդհանուր գումարը կազմել է մոտ 178 հազար ԱՄՆ դոլար:

Դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ` «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով»,- ասված է հաղորդագրության մեջ։