Վազգեն Սաֆարյան. Մաքսային միությանն անդամակցելը ուղղակիորեն կխթանի Հայաստանի տնտեսության զարգացմանը


14:35 , 12 սեպտեմբեր, 2013

Վազգեն Սաֆարյան. Մաքսային միությանն անդամակցելը ուղղակիորեն կխթանի Հայաստանի տնտեսության զարգացմանըPanorama.am-ը գրում է.

Մաքսային միությանն անդամակցելու որոշումը հանրության շրջանում առաջ է բերել կարծիքների բախում, տարբեր մոտեցումներ, և բնական է, որ ամեն մեկը փորձում է իր մոտեցումները հիմնավորել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է «Հայրենական ապրանք արտադրողների միության» տեսակետին, ապա, ըստ Վ.Սաֆարյանի, միությունը գտնում է, որ Մաքսային միությանն անդամակցելը ուղղակիորեն կխթանի Հայաստանի տնտեսության զարգացմանը, քանի որ Հայաստանը Ռուսաստանի հետ Խորհրդային տարիներին ունեցել է միևնույն տնտեսական տարածքը, արդյունաբերատնտեսական մշակույթը, բացի այդ, երկու երկրների գործարանները նույն տեխնոլոգիաներով են աշխատել: «Երբ այսօր խնդիր է դրվում խորացնել, զարգացնել ինտեգրացիոն կապերը, դա նշանակում է, որ մեր տնտեսվարող սուբյեկտները ավելի ազատ կարող են իրենց ռուս գործընկերների հետ տնտեսական կապերը վերականգնել և առավել արդյունավետ դարձնել իրենց տնտեսական գործառույթները»,- ասաց Վ.Սաֆարյանը:

Նա միաժամանակ նշեց, որ ցանկացած երկիր միշտ ձգտում է հասնել մարդկային ուժի, կապիտալի, ծառայությունների ազատ տեղաշարժին, իսկ Մաքսային միությունը, ըստ նրա, կարող է այդ ազատությունը տալ: Ինչ վերաբերում է այն տեսակետներին, թե Մաքսային միությանն անդամակցելու դեպքում ՀՀ-ի քաղաքական ազատությունը կսահմանափակվի, Վ.Սաֆարյանի խոսքերով, աշխարհում որևէ բացարաձակ անկախ քաղաքական պետություն` սկսած ԱՄՆ-ից, վերջացրած Մոզամբիկով չկա, քանի որ բոլորն էլ իրար հետ կապված են տնտեսական, ռազմաստրատեգիական կապերով: «Ունես ուժեղ տնտեսություն, կարող ես վարել ուժեղ արտաքին քաղաքականություն: Ես գտնում եմ, որ մեր տնտեսությունը կհզորանա, մենք կունենանք նոր աշխատատեղեր, իսկ դա նշանակում է, որ արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները կվերադառնան Հայաստան»,- ասաց Վ.Սաֆարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ