Մադրասում Հայկական փողոցի 200-ամյակին նվիրված հուշաքար կտեղադրվի


13:22 , 12 սեպտեմբեր, 2013

Մադրասում Հայկական փողոցի 200-ամյակին նվիրված հուշաքար կտեղադրվիPanorama.am-ը գրում է.

Հնդկաստանի Մադրաս քաղաքում Հայկական փողոցի 200-ամյակի առթիվ Հայաստանի կառավարությունը մտադիր է հուշաքար տեղադրել փողոցի մուտքի մոտ: Այս մասին հայտնում է հնդկական «Ինդիան Էքսպրեսս» պարբերականը` հղում անելով Հնդկաստանում Հայաստանի պատվավոր հյուպատոս Շիվկումար Եշվարանին: Այն իրականացնելու համար ներկայումս Երևանը սպասում է Թամիլ Նադու նահանգի կառավարության թույլտվությանը: 

Պատվո հյուպատոսը տեղեկացրել է, որ նախագիծն իրականացվում է Թամիլ Նադու նահանգի վարչապետ Ջայարամ Ջայալալիթայի` հայ-հնդկական հարաբերությունների 2500-ամյակը նշելու նախաձեռնության շրջանակներում: Աղբյուրի հաղորդմամբ, նահանգի վարչապետը նման նախաձեռնությամբ է հանդես եկել Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արա Հակոբյանի հետ հանդիպումից հետ, և հենց ինքն էլ հաճույքով կմասնակցի հուշաքարի բացմանը: 

«Նա ուզում է, որ դա տեղի ունենա: Այդ կապակցությամբ մենք աշխատում ենք նահանգի իշխանությունների հետ», - ասել հյուպատոս Եշվարանը` հավելելով, որ բացման արարողությանը կմասնակցի նաև Հայաստանից կամ նախագահ Սերժ Սարգսյանը, կամ վարչապետ Տիգրան Սարգսյանը: 

Նշվում է, որ հայկական փողոցում գտնվել են այն հայերի տները, ովքեր Մադրասում բնակություն են հաստատել դեռևս 16-րդ դարում: Այստեղ է գտնվում նաև հայկական եկեղեցին, որը Հնդկաստանի հնագույն եկեղեցիներից մեկն է: 

Մադրասում մինչև Հնդկաստանի անկախությունը բնակվել են հայկական մոտ 300 ընտանիքներ: «Այժմ մենք հազիվ թե գտնենք որևէ մեկին: Ես աշխատում եմ, որպեսզի վերականգնենք դարավոր կապերը»,- նշել է հյուպատոս Եշվարանը: 

Վերջինս տեղեկացրել է, որ միջոցառման ժամանակ ինքը Մադրասի` ներկայիս Չեննայիի գործարարներին կոչ կանի, որպեսզի ներդրումներ անեն Հայաստան: Բացի այդ, Հնդկաստանի արդյունաբերողների կոնֆեդերացիայի ձեռնարկած 
փոխգործակցության շրջանակներում սեպտեմբերի 24-28-ը հնդիկ գործարարների պատվիրակություն կմեկնի Հայաստան: 

Թամիլ Նադուն 72 մլն բնակչություն ունի, իսկ մայրաքաղաք Չեննային` նախկին Մադրասը, Հնդկաստանի խոշորագույն ու հայտնի քաղաքներից մեկն է: Այստեղ ներկայումս ապրում է մոտ 5 մլն մարդ: Մադրասը եղել է հնդկահայ կարևորագույն գաղութներից մեկը: Հենց այստեղ է 1794 թվականին լույս տեսել հայկական առաջին պարբերականը` «Ազդարարը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ