Շոլցը Իսրայելի գոյության և անվտանգության ապահովումը Գերմանիայի խնդիրն է համարել


23:27 , 17 հոկտեմբեր, 2023

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Գերմանիայի խնդիրը Իսրայելի գոյության և անվտանգության ապահովումն է։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Իսրայելի և նրա քաղաքացիների անվտանգությունը Գերմանիայի պետական քաղաքականության պարադիգմն է: Գերմանիայի կառավարությունը գործում է այդ սկզբունքին համապատասխան»,-ասել է Շոլցը՝ հավելելով, որ Բունդեսթագի բոլոր կուսակցությունները պաշտպանում են այդ դիրքորոշումը:

Միևնույն ժամանակ նա կրկին հավաստիացրել է, որ Գերմանիան պաղեստինա-իսրայելական հակամարտությունում կարող է միայն Իսրայելի կողմից դիրքավորվել: Նա նշել է, որ Գերմանիան ամենավճռական կերպով դատապարտում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների արյունարբու և դաժան հարձակումը Իսրայելի վրա:

«Միանգամայն ակնհայտ է, որ Իսրայելը միջազգային իրավունք ունի դիմակայելու այդ ահաբեկչությանը: Յուրաքանչյուր պետություն պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիներին»,-ամփոփել է Շոլցը: