Մաքսային միության բերած օգուտները


18:52 , 11 սեպտեմբեր, 2013

Հայաստանն այս պահին արդեն սկսում է հաշվարկել իր տնտեսական սպասվելիք օգուտները Մաքսային միությանն անդամակցությունից: Միաժամանակ նաև սկսում են լրահոսի մեջ տեղ գտնել թվեր, որոնք արդեն տնտեսական հողի վրա բացահայտում են այն օգուտները, որոնք Հայաստանը կստանար, եթե միանար Ասոցացման պայմանագրին, և նրանք, որոնք արդեն ռեալ ակնկալվում են Ռուսաստանից Մաքսային միությանն անդամակցությամբ:

Թերևս առաջին օգուտը, որը էապես իր մաշկի վրա կզգա նաև հասարակ քաղաքացին, գազի գնի նվազումն է: Մաքսային միության շրջանակներում գազի գինը, ըստ շրջանառվող լուրերի, Հայաստանի համար կսահմանվի նույն գինը, որով որ մատակարարվում է գազ Ռուսաստանի կողմից Բելառուսին: Հաջորդը, որ կավելացնի համախառն ներքին արդյունքը, նավթամթերքների գնի 30 տոկոսանոց էժանացումն է: Բացի այս կշարունակվի շահագործվել ատոմակայանը, կշահագործվի «Նաիրիտ» գործարանը: Համախառն ներքին արդյունքի 4 տոկոս կանխատեսելի աճը Մաքսային միության շրջանակներում Հայաստանի համար խիստ դրական արդյունք է, թեև կա նաև միգրացիոն արտահոսքի վտանգ, քանի որ սահմանային խնդիրներն ու վարչարարությունն այս առումով էապես պարզեցվում են, որ հնարավոր է որոշակի տեղաշարժ բնակչության համար: Մյուս կողմից սա հնարավորություն կտա դրամական հոսքը փոխանցումների տեսքով դեպի Հայաստան ավելացնել 3 տոկոսով:

Արդեն իսկ ռուսական երկաթուղային ընկերությունները սկսել են ուսումնասիրել հայկական երկաթուղային ցանցը արդիականացնելու և շահագործման ծավալներն ավելացնելու նպատակով: Թերևս միակ խնդիրն ըստ մասնագետների Վրաստանի տարանցիկ մաքսատուրքերն են, որոնք կարող են որոշակիորեն վնասել մեր երկրի տնտեսական աճին: Իսկ հասարակ բնակչի համար առարկայականն այն է, որ արդեն եկող տարվա հունվարից կներդրվի աշխատավարձերի վճարման միասնական համակարգ և նվազագույն աշխատավարձի շեմը կսահմանվի 50 հազար ՀՀ դրամը, իսկ առավելագույնը` վերջինիս քսանապատիկը: