Սիրիայի զինված ընդդիմությունը հեռացել է Մաալուլայից


17:03 , 11 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սիրիայի ընդդիմության մարտիկները հայտարարել են քրիստոնեական Մաալուլա քաղաքից հեռանալու մասին, որն ավելի վաղ գրավել էին ընդդիմության ուժերը: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին ապստամբների ներկայացուցիչը հայտարարել է տեսանյութում, որը հրապարակվել է համացանցում:

«Սիրիական ազատ բանակը արյունահեղությունից խուսափելու և բնակիչների կալվածքի անվտանգությունը երաշխավորելու համար հայտարարում է, որ Մաալուլան դուրս կմնա Սիրիական ազատ բանակի և վարչակարգի բանակի միջև պայքարից»,- ասել է նա:

Նա նաև հավելել է, որ ապստամբ զորքերը քաղաքից հեռանում են մի նախապայմանով, որ Մաալուլա մուտք չեն գործի կառավարական բանակը և վերջինիս դաշնակից աշխարհազորայինները:

Բացի այդ, Սիրիական ազատ բանակի մեկ այլ ներկայացուցիչ՝ Իբրահիմ Ալ-Իդելբին ընդգծել է, որ ուժերին դուրս բերելու մասին որոշումը վերաբերում է նաև «Ալ-Նուսրա ճակատ»-ին: Նա կառավարական զորքերին մեղադրել է քաղաքը ռմբակոծելու մեջ այն բանից հետո, երբ ապստամբները գրավել են այն:

Մաալուլա քաղաքը ապստամբների վերահսկողության տակ էր անցել սեպտեմբերի 9-ին: Այստեղ գտնվում են քրիստոնեական հնագույն տաճարներ: