Հայաստանն ու Ֆեյսբուքը


15:05 , 11 սեպտեմբեր, 2013

Այնպես է ստացվել, որ այսօրվա դրությամբ Ֆեյսբուքը դարձել է հազարավոր ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդկանց տեղեկատվության հիմնական աղբյուրը, որտեղից նրանք անընդհատ թարմացվող ռեժիմով ստանում են «լուրեր», «վերլուծություններ» և «մեկնաբանություններ» ակտուալ թեմաների վերաբերյալ: Ընդ որում, հասկանալի է, որ տեղեկատվական այդ քաոսի միջից ադեկվատ նորություններ ու նյութեր որսալը հեշտ բան չի, դե իսկ օբյեկտիվիզմի մասին թերևս կարելի է մոռանալ: Սա իհարկե նորմալ երևույթ է և հատուկ է բոլոր այն երկրներին, որտեղ սոցիալական ցանցերը զարգացած են, իսկ համացանցը՝ հեշտ հասանելի: Այլ կերպ լինել էլ չէր կարող: Սակայն ցավը նրանում է, որ Հայաստանի պես կոմպակտ հասարակությունով փոքրիկ երկրում այդ օբյեկտիվ երևույթը գնալով ավելի ու ավելի պաթոլոգիկ ազդեցություն է ունենում ինչպես ընդհանուր լրատվական դաշտի վրա, այնպես էլ շարքային քաղաքացու աշխարհընկալման: Գաղտնիք չէ, որ ֆեյսբուքացումը վաղուց արդեն դուրս է եկել զուտ ֆեյսբուքյան սահմաններից: Թերևս Ցուկերբերգն անգամ չէր կարող երազել, որ իր հարթակը կարող է թեկուզ առանձին վերցված միջավայրում զուտ հաղորդակցության ու ժամանացային գործիքից վերածվել քաղաքական ու մեդիա հզորագույն գործոնի: «Ֆեյսբուքացումը» այսօր գնալով ավելի դոմինանտ կարգավիճակ է ստանում լրատվական դաշտում, «ֆեյսբուքացումը» հավակնում է դառնալ հասարակական դաշտի լոկոմոտիվը: Կողքից ամեն ինչ ուրախ ու զվարթ կարող է թվալ, սակայն եթե ալեգորիկ համեմատություն անցկացնենք, ապա այս ամենը նման է շատ սուր ու մեծ դանակով խաղացող մանկահասակ երեխայի հետևելուն: Հարցը նրանում չէ, թե արդյո՞ք լավն է, թե՞ վատը տվյալ սոցիալական ցանցը: Այն ուղղակի գործիք է, որը ըստ կիրառության կարող է ունենալ լավ կամ վատ ազդեցություն, իսկ այ թե ինչպես ենք մենք կիրառում, արդեն այլ հարց է: Վերադառնալով դանակով խաղացող երեխայի հարցին` չի կարելի ասել, որ նա, օրինակ, հաց չի կարողացել կտրել այդ դանակով, բայց կտրելու ժամանակ ու կտրելուց հետո էլ պարբերաբար ճղճղում է իրեն ու միամիտ վերքեր է հասցնում: Ողջ հարցը թերևս նրանում է, թե ինչպե՞ս է «ճղում» և ընդհանուր առմամբ «վերքե՞րն» են ավելի շատ, թե՞ «կտրտված հացի կտորները»: Կարելի է նշել Ֆեյսբուքի հիմնական ռիսկային գործոններն ու թերությունները.
1. Այն բաց է, գուցե չափից ավելի բաց՝ այդ թվում նաև օտար աչքերի համար ու շատ անհարմար պահեր: Վերլուծելով օրինակ սահմանային մի քանի միջադեպերն ու դրանց ֆեյսբուքյան արձագանքը` կարելի է ասել, որ եթե Աստված չանի, վաղը պատերազմ սկսվի, հայկական կողմը պետք է միանգամից անջատի սոցիալական ցանցը, թե չէ հրդեհի պես տարածվող խուճապը կամ ապատեղեկատվության ալիքը կարող է ավելի մեծ վտանգ ներկայացնել մեզ համար, քան հակառակորդի առաջացող զորամիավորումները:

2. Ֆեյսբուքում շատ է կաղում մեդիագրագիտություն ասվածը, ընդ որում ինչպես ընթերցողների շրջանում, այնպես էլ տեղեկատվությունը մատուցողների:

Այո՛, Ֆեյսբուքում գրում են ամեն ինչի ու ամեն մեկի մասին և կարդում են ամեն ինչի ու ամեն մեկի մասին, բայց մատուցվող կոնտենտի զգալի մասի որակը քննարկել էլ իմաստ չունի: Նույն բանն էլ կարելի է ասել ընթերցողների զգալի մասի՝ մատուցվող կոնտենտի որակովն ու անորակը տարբերակելու ունակության մասին:

3. Երբ ֆեյսբուքանում է նաև մամուլը, դա բերում է օբյեկտիվիզմի նվազմանը ու «ռեյթինգային պայքարի»:

Արդյունքում, ականատես ենք լինում, որ օրինակ Մաքսային միությանն անդամակցելու կամ վերահաս Սիրիական պատերազմի վերաբերյալ նյութերը թե՛ իրենց քանակով, թե՛ դիտումներով անգամներով զիջում են օրինակ բռնաբարությունների կամ շոուբիզնեսյան սկանդալների վերաբերյալ նյութերին: Տուժում է նաև աշխատանքի որակը, որովհետև փոխարեն սեփական ներուժով ու տվյալներով սեփական նյութեր պատրաստեն, հաճախ ականատես ենք լինում լրատվականների կողմից կիրառվող «copy-paste»-ային քաղաքականությանը:

4. Ոչ հմուտ ընթերցողը հաճախ առաջնորդվում է «Ինչը առաջինը տեսա, դրան էլ հավատում եմ» ենթագիտակցական դիրքորոշմամբ, ինչի արդյունքում օրինակ բալիստիկ հրթիռի փորձարկումից հետո շատերը վստահ էին, որ ՉԹՕ էին տեսել, որովհետև այդպես էր գրված Ֆեյսբուքում: Նույն ոչ հմուտ ընթերցողը սահմանային հերթական բախումից հետո ինչ-որ մի տեղ, ինչ-որ մեկի գրած մեկնաբանությունն է կարդում, որ ունենք տասնյակ զոհեր, ու սկսում է ակտիվորեն տարածել այդ լուրը, անգամ եթե դա ոչ մի աղերս չունի իրականության հետ, իսկ սա արդեն անմիջական վտանգ է:

5. Ֆեյսբուքը ներկայացուցչական չէ որոշ հասարակական և քաղաքական հարցերում: Այո՛, այսօրվա դրությամբ ունենք մոտ 700 հազար գրանցված օգտատեր այս սոցիալական ցանցում, բայց սոցիալական այս գործիքը լայն օգտագործողների թիվը անգամներով քիչ է ընդհանուր թվից, իսկ Ֆեյսբուքում ակտիվ հասարակական գործունեություն ծավալող զանգվածը արդեն նեղանում է մինչև մի քանի հազար օգտատիրոջ, որոնք քիչ թե շատ միատարր են, սակայն էականորեն տարբերվում են հասարակության մեծամասնությունից, բայց քանի որ նրանց ձայնը լսելի է, ապա պատրանք է ստեղծվում, որ հենց նրանք են բոլոր ու ամեն հարցում ներկայացնում «ժողովրդի կարծիքը»:

6. Վերջապես, նորից ու նորից վերադառնալով դանակի համեմատությանը, արձանագրենք, որ այո՛, Ֆեյսբուքը էական դերակատարություն է ունենում այս կամ այն քաղաքական-հասարակական խնդրի բարձրաձայնման և երբեմն էլ լուծման հարցում, բայց միևնույն ժամանակ կա դանակի մյուս սայրը. մարդիկ կաղապարվում են սոցցանցի սահմաններում ու իրենց կոնստրուկտիվ և, ինչո՞ւ ոչ, նաև պայքարելու էներգետիկայի զգալի մասը սուբլիմացնում են հենց այս տիրույթում: Բացի դրանից` հասարակական նախաձեռնությունների, վառ անհատականությունների ուժեղ կոնտրաստը, ինչպես նաև խայտաբղետ մոտեցումների բազմազանությունը բերում են նրան, որ հաճախ կարևորագույն թեմաների քննարկումները լղոզվում են և վեր են ածվում մկների ժողովի: Հաճախ կարելի է արձանագրել, երբ նման քննարկումները լավագույն դեպքում եզրափակվում են հռետորաբանության և դեմագոգիայի մրցույթով կամ էլ պարզապես անձնավորեցվում և մաղվում են: Իսկ ամենախոսուն փաստը այս թերության թերև ֆեյսբուքյան ակցիաների՝ օֆլայն տիրույթում գրանցվող ծավալներն են, ավելի ճիշտ օֆլայնի մասշտաբի հարաբերությունը նույն նախաձեռնության օնլայնի ծավալի հետ: 

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Ֆեյսբուքը միանշանակ մեծ պոտենցիալ ունեցող գործիք է, և այն կարող է մեծ արդյունավետությամբ օգտագործվել ինչպես հօգուտ, այնպես էլ ի վնաս հասարակությանը կամ դրա մեջ ներգրավված անհատին: Առայժմ Հայաստանում Ֆեյսբուքն օգտագործում են շատ դիլետանտավարի ու անկազմակերպ, բայց հուսադրող է սովորելու տենդենցը: Քանի դեռ մենք դեռ չենք գտնվում ոչ մի լուրջ ներքին ու արտաքին ցնցումների կիզակետում, կարելի է թույլ տալ սովորել նաև սխալների վրա, բայց ճգնաժամային պայմաններում դանակ-ֆեյսբուքը կարող է իրական ռիսկի վերածվել: