Կա պայմանավորվածություն, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնի Լեռնային Ղարաբաղ. կմեկնարկի, թե ոչ, ես չեմ կարող ասել


10:27 , 22 սեպտեմբեր, 2023

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը դինամիկ ու փոփոխական է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն տեղեկությունը, որ մենք ունենք, կես ժամից կարող է փոխվել, բայց շատ կարևոր է, որ ամեն պահի ունենանք ճշգրտված տեղեկություն այդ պահի մասին ու նաև որոշակի պատկերացումներ դինամիկայի մասին»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, թե հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ որոշակի դրական հույսեր կան. չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնի Լեռնային Ղարաբաղ։

«Ավելի մանրամասն չեմ կարող ասել, որովհետեւ կան որոշակի պայմանավորվածություններ, որոնք այս պահին դրանց իրագործումը պետք է մեկնարկի: Կմեկնարկի, թե ոչ, ես չեմ կարող ասել: Բայց, որ կան պայմանավորվածություններ, դա հստակ է»,-ասաց նա: