Թուրքիայում նորից ցույցեր են սկսվել


13:37 , 11 սեպտեմբեր, 2013

Թուրքիայում նորից ցույցեր են սկսվելPanarmenian.net-ը գրում է.

Թուրքիայում հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց հակակառավարական ցույցերի երկրի տարբեր քաղաքներում: Ստամբուլի Իստիկլյալ պողոտայում ցուցարարները բարիկադներ են սարքել և քարեր են նետում ոստիկանների վրա: Բախումների արդյունքում Անթաքիա քաղաքում ցուցարարները տուժել են գազից, պլաստիկ փամփուշտներից: Կան ձերբակալվածներ:

Բողոքի ակցիայի պատճառ է հանդիսացել ցուցարարներից մեկի՝ 22-ամյա Ահմեդ Ատականի մահը: Նա մահացել է անցած գիշեր Հաթայի շրջանի հիվանդանոցներից մեկում: Ըստ առկա տեղեկատվության, Ատականը մահացել է արցունքաբեր նռնակի պայթյունից, որը նրա գլխին է դիպել, հայտնում է euronews-ը:

Ցույցերը Թուրքիայում անց են կացվում հունիսից ի վեր, երբ կառավարությունը մտադիր էր քանդել Գեզի պուրակն ու տեղում առևտրի կենտրոն կառուցել: Ամառային ակցիաների հետևանքով 5 մարդ զոհվեց, մի քանի հազարը վիրավորվեց ու ձերբակալվեց: Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և մահակներ է օգտագործել: