Անգլուհին մարգարեացավ Հայաստանի մոտալուտ վախճանի մասին


11:40 , 16 սեպտեմբեր, 2023
Երևանում հրավիրած մամուլի ասուլիսին ունեցած իր ելույթում Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, որ հայտնի է իր հայամետ ու նույնիսկ հայասեր հայացքներով, ըստ էության, մեկ հիմնական ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ «Եղունգ ունես գլուխդ քորիր»-ի կոնտեքստում:

Մասնավորապես՝ արձանագրելով, որ արցախցիների աղաղակների վրա թքած ուեն անխտիր բոլորը՝ սկսած ՌԴ-ից մինչև Արևմուտք, ՆԱՏՕ ու ՀԱՊԿ՝ Քոքսը հռետորական հարց է բարձրացրել.«Միջազգային հանրությունից ո՞վ դեմ կկանգնի, եթե Բաքուն տարածքային հավակնություններ ունենա Երևանի, Սևանի կամ Զանգեզուրի նկատմամբ»։ Միաժամանակ անգլուհին արդարացիորեն նկատել է՝ Ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը չի թաքցրել իր ռազմավարական նպատակը, դա է՝ գրավել մեր հայրենիքը:

Քոքսի՝ Հայաստանում հենց այս պահին հայտնվելը պատահական չէ. Անգլիան, որ ամեն գնով փորձում է ճեղքել Կովկասը, մտադիր չէ հանուն հայ ժողովրդի բարօրության հետ կանգնել իր գլոբալ աշխարհաքաղաքական ծրագրերից, որոնց կենտրոնում Թուրքիան է գտնվում: Քոքսի ասելիքը մեկն է՝ անգլիական նավերը հայկական լեռներ այդպես էլ չեն բարձրանալու, ուստի Հայաստանը պարտավոր է սին հույսեր չտածել: Քոքսն էլ է լավ հասկանում, որ այս իրավիճակում հակառուսկան պլացդարմ դառնալը Հայաստանի համար կարող է կործանարար լինել, չարդարացված արկածախնդրություն ու հենց այդ մասին է ակնարկել իր ասուլիսում: Քոքսն ուղղակի արձանագրել է, որ մենք այն նույն որբի գլուխ ժողովուրդն ենք մնացել, ինչ որ 20-րդ դարասկզբին՝ հայտնվելով գերտերությունների ու տարածաշրջանային երկրների շահերի բախման խաչմերուկում:

Իսկ թե ինչպես ստացվեց, որ Թուրքիայի ախորժակը բացվեց, թերևս պետք է հարցնել Նիկոլին. հենց նա է գրգռել թուրքերի ախորժակը՝ հանուն միակ նպատակի՝ սեփական իշխանության պահպանման ու հարատևման, ու քանի դեռ նա է ներկայացնում Հայաստանը, տիկին Քոքսը ստիպված է լինելու անվերջ ողբալ առ մեր հայրենիք: