Երևանում գողացել են պաշտոնյայի ավտոմեքենայի վրացական համարանիշները․ թողել են տելեգրամ ալիքի հասցե


11:32 , 11 սեպտեմբեր, 2023

Երեւանում սեպտեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. Երևանի բնակիչ, 32-ամյա Տաթև Մկրտչյանը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ 1 օր առաջ անհայտ անձը կամ անձինք գողացել են իր բնակության վայրի շենքի բակում կայանված իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայի վրացական համարանիշները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբին Տ․ Մկրտչյանը հայտնել է, երբ տեսել է, որ մեքենայի համարանիշները գողացել են, ինքը նկատել է, որ դիմապակուն փակցված է եղել ինչ-որ Տելեգրամ ալիքի հասցե իր հետ կապ հաստատելու համար, որպեսզի համարանիշները գումարի դիմաց փոխանցեն իրեն։

Տ․ Մկրտչյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ։