Սեպտեմբերի 9-ին ժամը 11:00-ին շինծու մեղադրանքով կայանալու է 44 օրյա պատերազմի հերոս` Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի դատը․ «Որդիների կանչ» ՀԿ


18:34 , 8 սեպտեմբեր, 2023

Հարգելի հայրենակիցներ, վաղը՝ սեպտեմբերի 9-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի Շենգավիթի առաջին ատյանի ընդհանուր իրավասությունների դատարանում (Կոմիտասի պանթեոնին կից) շինծու մեղադրանքով կայանալու է 44 օրյա պատերազմի հերոս` Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի դատը: Իշխանությունը վաղուց հատել է բոլոր կարմիր գծերը, սկսած Եռաբլուր պանթեոնից ծնողներին բերման ենթարկելուց և նրանց նկատմամբ գործեր հարուցելուց, մինչև նրբորեն մշակված սադրանքների միջոցով շինծու գործեր կարելը՝ փորձելով նրանց ազատությունից զրկելու միջոցով լռեցնել պայքարի ու պահանջատիրության ամենաարդար ձայնը:
Իշխանության նման վարքագիծը, մենք՝ այս պետությանը ամենաթանկը տված ծնողներս, գնահատում ենք իշխանության կողմից ուղերձ, պատերազմից 5 րոպե պակաս գտնվող երկրի պաշտպաններին, որ տեսեք, թե ինչ կարող է լինել նաև իրենց ծնողների հետ, ինչը անթույլատրելի է և դատապարտելի, և որը մեծ հարված է մեր զինվորների բարոյահոգեբանական վիճակին, իրենց մինչ այդ ձևավորված արժեհամակարգին։
Սիրելի հայրենակիցներ, լինենք վաղը Հայրենիքին հերոս տված հոր կողքը, աջակցելով նրան, աջակցում ենք ինքներս մեզ, մեր սերունդներին վաղվա օր ունենալու համար։