Հաղթանակի համար անհրաժեշտ մոտիվացիան առկա է


17:48 , 10 սեպտեմբեր, 2013

Հաղթանակի համար անհրաժեշտ մոտիվացիան առկա էPanorama.am-ը գրում է.

Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի «B» խմբում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, հետաքրքիր իրավիճակ է առաջացել: 

Իտալիայի ընտրանին, կասկածից դուրս է, «ԱԱ-2014»-ի ուղեգիր ձեռք կբերի առաջին տեղով, քանզի որակավորման մրցաշարի ավարտից 3 տուր առաջ 7 միավորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող Բուլղարիայի ընտրանուն: Այսօր չեխերի հետ տնային խաղում հաղթելու դեպքում «Սկուադրա աձուրան» կապահովի ելքը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, որը կկայանա Բրազիլիայում, 2014 թ. ամռանը:

Իսկ ահա երկրորդ տեղի համար պայքարում վերջին 3 տուրում դաժան պայքար կծավալվի միանգամից 4` Բուլղարիայի, Չեխիայի, Հայաստանի ու Դանիայի հավաքականների միջև: Բուլղարացիներն այդ տուրերում հանդիպելու են հաջորդաբար Մալթայի, Հայաստանի ու Չեխիայի ազգային թիմերի հետ` առաջին երկու խաղն անցկացնելով դրսում: Չեխիայի հավաքականը, իր հերթին, կմրցակցի Իտալիայի, Մալթայի ու Բուլղարիայի հավաքականների հետ: Ընդ որում` ուշադրություն դարձնենք մի կարևոր հանգամանքի վրա. չեխերն ավարտել են տնային հանդիպումների շարքը և նշված 3 խաղն անցկացնելու են մրցակիցների խաղադաշտերում: Դանիացիները Երևանում այսօր կայանալիք խաղից հետո կհյուրընկալեն իտալացիներին ու մալթացիներին: Հայաստանի ընտրանին նույնպես երկու հանդիպում կանցկացնի սեփական հարկի տակ` ընդդեմ Դանիայի ու Բուլղարիայի հավաքականների, իսկ այնուհետև Իտալիայում կմրցի այդ երկրի գլխավոր թիմի հետ:

Ստացվում է` երկրորդ տեղի համար պայքարող թիմերից լավագույն խաղացանկն ունեն Դանիայի և Հայաստանի հավաքականները, որոնք սեփական հարկի տակ կանցկացնեն 2-ական հանդիպում: Դրանցից մեկում Դանիայի ընտրանին կհանդիպի Մալթայի ընտրանու հետ, ուստի երևանյան այսօրվա հանդիպումը շատ կարևոր նշանակություն ունի թիմերի համար: Մեր հավաքականը պետք է ձգտի առավելության հասնել, վաստակել 3 միավոր և առաջ պոկվել այդ մրցակցից, իսկ բուլղարացիների հետ մրցակցության ելքը վճռել երևանյան առերես խաղում, որը կկայանա հոկտեմբերի 11-ին:

Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանի հավաքականում, որը պատրաստվում է դանիացիների հետ այսօրվա հանդիպմանը: Նախ նշենք ոչ պակաս կարևոր մի հանգամանք. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խաղը կկազմակերպի «Հրազդան» մարզադաշտում, որը ավելի քան 50 հազար երկրպագուների կարող է տեղավորել: Հետևաբար` այս պատասխանատու պահին հատկապես կարևորվել է ֆուտբոլասերների աջակցության գործոնը, և մենք հույս ունենք, որ այսօր «Հրազդանի» տրիբունաները կօգնեն մեր թիմին` կերտելու շատ կարևոր մի հաղթանակ, որը վճռորոշ է լինելու մրցաշարային տեսանկյունից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ