Թեղուտում ես տեսա էն մարդու աչքերը, ում հանել են վաճառքի


01:58 , 10 սեպտեմբեր, 2013

Ինչքան ժամանակ է՝ «Թեղուտ, Թեղուտ» եմ բղավում, հեռվից հեռու պայքարում անտառի համար, բայց մինչև շաբաթ օրը չէի տեսել։ Երանի՜ չտեսնեի։Երանի՜ չհանդիպեի գյուղացիներին, չլսեի՝ ինչ են մտածում էդ հողի «տերերը»։
Նրանց վերաբերմունքը նման է էն մարդկանց պահվածքին, ովքեր վաճառում են իրենց հարազատի օրգանները, որովհետև դրանք էսօր շուկայում բարձր գին ունեն։ Ոչինչ, որ վաղը էլի ուտելու բան չեն ունենա, ոչինչ, որ էդ հարազատն էսօր-վաղը կմեռնի, կարևորը՝ նրա երիկամների, սրտի, թոքերի, մաշկի գնով իրենք մի քանի տարի կապրեն։
Իրենց հարազատն աշխատունակ է, կարող է բոլորին պահել, բայց ոչ էնքան լավ, ուղղակի էնքան, որ սոված չմնան, որովհետև իրենք սպասում են, որ իրենց կերակրեն, ոչ թե ջանք են անում մի բան անելու, որ լավ ապրեն։ Ու քանի որ հավես չկա բան անելու, մի քանի կոպեկի դիմաց վաճառքի են հանել առողջ մարդուն։
Ես ժայռոտ, քարքարոտ, անծառ հողի զավակ եմ, քար տեսնելիս աշխարհն ինձ են տալիս, բայց էդ անտառածածկ սարերը տակնուվրա արեցին սիրտս։ Ես ամեն փոքր քարի համար կռիվ եմ տալիս. իրենք էդքան թքա՞ծ ունեն էդ հարստության վրա։ Շատ են տեսել. չեն գնահատում։ Բոշի յուղի պատմությունն է 
Մինչև հիմա բերանումս է անտառից սեփական ձեռքերովս քաղած հոնի համը, էդքան համով թուզ ու սալոր ես դեռ չէի կերել, բայց փոշին արդեն կուլ է տալիս գյուղերը 
Տեսնելուց հետո ուրիշ կերպ է սիրտդ խփում, ցավում, պատեպատ տալիս իրեն։ Ես տեսա էն մարդու աչքերը, ում հանել են վաճառքի։ Արդեն անտարբեր էր՝ նեղացած ու հաշտված մահվան մտքի հետ։