Արեգակնային համակարգի 10 ամենատարօրինակ արբանյակները


18:00 , 9 սեպտեմբեր, 2013

Մեր Արեգակնային համակարգը կազմված է Արեգակից և իր ինը մոլորակներից: Մոլորակների վրա այնքան մեծ ուշադրություն է դարձվում, որ քիչ է մնում մոռանանք, որ մեր Արեգակնային համակարգում շատ այլ ուշագրավ բաներ էլ կան: Դրանցից են, օրինակ, արբանյակները:

 10.  Մեծությամբ աչքի ընկնող Գանիմեդը

 

Առաջին հայացքից Գանիմեդը շատ նման է Երկիր մոլորակի արբանյակին, սակայն կա մի հսկայական տարբերություն` չափը: Գանիմեդը Յուպիտերի և ողջ Արեգակնային համակարգի ամենամեծ արբանյակն է: Այն այնքան մեծ է, որ անգամ իր սեփական մագնիսական դաշտն ունի, մի բան, որ բնորոշ չէ այլ արբանյակներին: Իր մեծությամբ այն գերազանցում է Մերկուրիին և զիջում է Մարսին: Եթե Գանիմեդը պտտվեր Արեգակի, ոչ թե Յուպիտերի շուրջ, այն կհամարվեր մոլորակ: Կստացվեր, որ Գանիմեդը մոլորակ է, որը պտտվում է մի այլ մոլորակի շուրջ:

 

 

9.  Տգեղությամբ աչքի ընկնող Միրանդան


Կարելի է ասել, որ Միրանդան միակ տգեղ արբանյակը չէ, որ պտտվում է Ուրանի շուրջ, սակայն այն հաստատ ամենատգեղն է: Այն Արեգակնային համակարգի անճոռնի ճուտիկն է: Առաջին հայացքից այն տպավորությունն է ստեղծվում, որ արբանյակների արարիչը ընդամենը մի քանի ավելացած մնացորդներ է իրար ձուլել և ստացված արբանյակներն ուղարկել Ուրանի շուրջ պտտվելու: Արեգակնային համակարգում Միրանդան աչքի է ընկնում իր լանդշաֆտի բազմազանությամբ: Այսպես, եթե Միրանդայի ամենաբարձր կետից ժայռաբեկոր նետեք, առնվազն 10 րոպե կպահանջվի, որպեսզի այն ցած ընկնի: Գիտնականները սիրում են քննարկել Միրանդայի տարօրինակ հատկությունները: Որոշ գիտնականներ կարծում են, որ անցյալում այս արբանյակը բախվել է ինչ-որ բանի, որի արդյունքում արբանյակը ջախջախվել է: Այլոք էլ կարծում են, որ Միրանդա արբանյակի մակերեսը հալվել է երկնաքարերի (մետեորիտների) հարվածներից, ինչից հետո այն կոշտացել է: Մենք հազիվ թե երբևէ կարողանանք պարզել հավաստի պատճառը: Հայտնի է, որ այս արբանկյակը Միրանդա է կոչվել Շեքսպիրի կերպարներից մեկի անունով: Այդ կերպարը երբևէ չի ամուսնացել, և քանի որ Միրանդա արբանյակը հայտնի է իր տգեղությամբ, այն նույնպես հազիվ թե երբևէ ամուսնանա:  

8.  Կալիստոն. Արեգակնային համակարգի ամենակենտրոնական օբյեկտը


Կալիստոն` Յուպիտերի արբանյակը, անհարթ մակերես ունի: Հաճախ այլաբանորեն ասում են, որ Կալիստոն Արեգակնային համակարգի բշտիկավոր մաշկով պատանին է: Իրականում այն անվանվել է հին հունական աստված Զևսի սիրուհի Կալիստոյի պատվին։ Կալիստոն հայտնաբերվել է 1610 թ.-ին Գալիլեո Գալիլեի կողմից: Գերմանացի աստղագետ Սիմոն Մարիուսը ավելի վաղ էր ուսումնասիրել Կալիստո արբանյակը, սակայն չէր հրապարակել հայտնաբերված տվյալները։ Կալիստոյի մակերեսը 4 միլիարդ տարվա պատմություն ունի: Այսպիսով, այն ամենահին արբանյակային մակերեսն է, որը փոփոխությունների չի ենթարկվել: Կալիստոյի մակերեսի փոս ընկած հատվածները ավելի շատ են, քան ողորկ հատվածները: 


7.  Աստերոիդ արբանյակ Դակտիլը  


Դակտիլը Արեգակնային համակարգի ամենափոքր արբանյակն է. այն ընդամենը մի մղոն  (1.6 կմ.) լայնություն ունի: Վերը ներկայացված նկարում պատկերված է Իդա աստերոիդը, որի աջ անկյունում Դակտիլը ընդամենը մի փոքրիկ կետիկ է երևում: Դակտիլը պտտվում է ոչ թե մոլորակի, այլ աստերոիդի շուրջ: Հունական դիցաբանության մեջ Իդան մի լեռ էր, որի վրա բնակվում էին «Դակտիլներ» կոչվող արարածներ: Դակտիլի ուսումնասիրությունների շնորհիվ հնարավոր է եղել պատասխանել շատ հարցերի, որոնք նախկինում անհայտ էին: Օրինակ` Դակտիլի ուղեծիրն ուսումնասիրելով հնարավոր է եղել պարզել Իդայի կազմությունը: Մինչև Դակտիլի հայտնագործումը գիտնականների շրջանում տարածված էր այն թյուր տեսակետը, որ աստերոիդը արբանյակներ ունենալու համար չափազանց փոքր էին:    

6. Էպիմետեյ և Յանուս. արբանյակներ, որոնք զերծ են մնում բախումներից

Էպիմետեյը և Յանուսը Սատուրնի երկու արբանյակներն են, որոնք գրեթե միևնույն ուղեծրի վրա են: Ենթադրվում է, որ շատ տարիներ առաջ դրանք ոչ թե երկու տարբեր արբանյակներ են եղել, այլ եղել են միևնույն արբանյակը: Ուշագրավ է, որ ամեն չորս տարին մեկ դրանք փոխվում են տեղերով: Տեղափոխության ժամանակ դրանք այնքան են մոտենում, որ քիչ է մնում իրար բախվեն, սակայն դրանց ամեն անգամ հաջողվում է խուսափել բախումից:

 

Շարունակելի...