20:40 , 9 սեպտեմբեր, 2013Փակ դռների ետևում շատ բաներ են տեղի ունենում, որոնց մասին հանրությունը գաղափար անգամ չի կարող կազմել: Սակայն մեզ հետ աշխարհում ապրում են այնպիսի մարդիկ, ովքեր բազմաթիվ կարևոր բացահայտուներ են արել` բացելով շատերի աչքերը: Այսպիսի մարդկանց շնորհիվ է, որ հնարավոր է եղել բացահայտել այնպիսի մեծ հանցագործություններ, որոնք կարող էին այդպես էլ գաղտնի մնալ պատմության մեջ: Այս հոդվածում ներկայացնում ենք այն 10 համարձակներին, ովքեր իրենց սկանդալային բացահայտումներով ցնցել են ողջ աշխարհը:
10. Սամուել Հոփքինս Ադամս
Շատերին հիմա կարող է ծիծաղելի թվալ, սակայն ամերիկյան պատմության մեջ կար ժամանակ, երբ ոչ ոք չէր կարող շշի մեջ տարբեր բաղադրամասեր իրար խառնել, այնուհետև գեղեցիկ պիտակ փակցնել դրա վրա և այն վաճառել որպես դեղորայք: Այսպիսի արտադրանքը կոչվում էր «պատենտավորված դեղորայք», և դա վաճառքի էր հանված ամբողջ երկրի տարածքով մեկ ճանապարհորդող մարդկանց կողմից, ովքեր պնդում ու համոզում էին մարդկանց, որ այս դեղորայքը կբուժեր յուրաքանչյուր ցավ: Այն ժամանակ, երբ իրական դեղորայք դեռևս հայտնաբերված չէր կամ դժվար էր ձեռք բերել, պատենտավորած դեղորայք վաճառողների ցավերից ազատվելու խոստումները հենց այն էր, ինչ մարդկանց պետք էր: Այս դեղերից որոշներն իրականում գործում էին, սակայն քանի որ ոչ մի փորձարկում չէր անցկացվել, չկային ոչ մի ստանդարտներ, մարդիկ պատկերացում անգամ չունեին, թե արդյոք այն, ինչ նրանք ստանում էին, իրական էր, թե ոչ, անվտանգ էր, թե վնասակար: Նույնիսկ եթե այդ դեղորայքը ազդում էր այնպես, ինչպես խոստանում էիր դրանք վաճառողները, այնուամենայնիվ, այդ դեղորայքը նաև թողնում էր առողջության համար կողմնակի վտանգավոր հետևանքներ: 1905թ. անհանգստանալով, որ մարդկանց ուղղակի խաբում են ու գումարներ շորթում, լրագրող Սամուել Հոփքինս Ադամսը «Ամերիկյան մեծ խարդախություն» վերնագրով հոդված է հրատարակում «Colliers Magazine» պարբերականում: Հոդվածում նա բացահայտում էր այս դեղորայքի վտանգների մասին, որոնք հաճախ ալկոհոլ կամ թմրանյութեր էին պարունակում իրենց մեջ: Այս հոդվածից հետո կառավարությունը սկսեց դեղորայք արտադրողներից պահանջել հստակորեն նշել դրա բաղադրությունը, այնուհետև վերջնականապես արգելեց դրանց արտադրությունն ու վաճառքը: 1911թ.-ին գերագույն դատարանը հստակ օրենքներ ստեղծեց, որոնք թույլ չէին տալիս ընկերություններին խարդախություններ անել: Իսկ Ադամսը, ով այդ ընթացքում հայտնի գեղարվեստական գրականության գրող էր, նորից սկսեց լրագրողական հետաքննություններ վարել ու բացահայտումներ անել:
9. Ջուլիան Ասանժ
Սիրեք նրան, թե ոչ, այնուամենայնիվ, անվիճելի փաստ է, որ նա 21–րդ դարի ամենամեծ սկանդալային բացահայտումներ արած մարդն է: Նախկին հակեր, համակարգչային ծրագրավորող Ջուլիան Ասանժը 2006 թ.ին ստեղծել է «Վիկիլիքս» (Wikileaks) կայքը, որը ամբողջովին արտահայտում է «արմատական թափանցիկության» նրա ծրագիրը: Այս կայքն այն վայրն է, որտեղ բոլոր նրանք, ովքեր կարևոր բացահայտումներ կանեն, կարող են անանուն գաղտնի փաստաթղթեր տեղադրել ու ներկայացնել դրանք հանրությանը Ասանժի խմբագրությամբ: Վիքիլիքսի պաշտոնական կայքում հրապարակվել ու հանրությանը հասանելի են դարձել ԱՄՆ կառավարական հեռագրերը, գաղտնազերծվել է աֆղանական և իրաքյան պատերազմների մութ իրականությունը: Ասանժը հետաքննություններ չի անցկացնում բացահայտված ու գաղտնազերծված այս հանցագործությունների վերաբերյալ, այլ ուղղակի հարթակ ու փաստեր է հատկացնում բոլոր նրանց, ովքեր զբաղվում են դրանով: Ջուլիան Ասանժ անհատի մասին բազմաթիվ բամբասանքներ են տարածվել, սակայն ամեն ինչից զատ նրանով պետք է իսկապես հիանալ, հատկապես նրանք, ովքեր կարծում են, որ բոլոր գաղտնիքները պետք է բացահայտվեն ու տարածվեն, քանի որ նա ստեղծել է վիրտուալ մի վայր, որտեղ հնարավոր է դարձել անանուն հրապարակել այնպիսի գաղտնի պատմություններ, փաստաթղթեր, նյութեր, որոնք երբեք հնարավոր չէր լինի հասանելի դարձնել հանրությանը առանց այդ միջոցի:
8. Լինքոլն Ստեֆանս

Շատերն ուղղակի չեն ճանաչում Լինքոլն Ստեֆանսին, սակայն նա ամերիկյան մեծ լրագրող էր: Նա այն քչերից է, ումով թերևս ոգեշնչվել են բոլոր նրանք, ովքեր հետագայում տարբեր բացահայտումներ են արել: 20-րդ դարի առաջին կեսին Ստեֆանսը հոդվածներ էր գրում «Նյու Յորք Իվնինգ Փոստ» և «ՄքՔլուրս» պարբերականներում: Այն ժամանակ նա բացահայտեց այն լայնածավալ կաշառակերությունը, որը տիրում էր քաղաքային իշխանություններում: Բազմաթիվ հոդվածներում նա անդրադարձել էր այն դաժան անարդարության մեխանիզմներին, որոնք առկա էին քաղաքային իշխանությունների բոլոր ոլորտներում: Հետագայում բոլոր նրա հոդվածները տեղ են գտել իր «Քաղաքների ամոթը» գրքում: Ստեֆանսը իր հեղափոխական ոգով հույս ուներ, որ բացահայտումներն այն մասին, թե ինչպես են քաղաքային իշխանություններն անարդարացիորեն վարվում քաղաքացիների, աղքատների ու ներգաղթյալների հետ, ոտքի կկանգնեցներ մարդկանց ու կստիպեր դուրս գալ փողոց ու փոփոխություններ պահանջել: Դա իհարկե տեղի չունեցավ, սակայն Ստեֆանսին, այնուամենայնիվ, հաջողվեց անտարբեր իշխանություններին ստիպել գործի անցնել և օգնել առողջ միջավայր ստեղծել ժամանակակից ամերիկյան ընտրողների շրջանում ու արդարություն հաստատել: Հետագայում Ստեֆանսի համբավը ընկավ այն ժամանաակ, երբ նա սկսեց կոմունիստական թեմաներով հոդվածներ գրել ու գովել Սովետական Միությունը: Այնուամենայնիվ, այսօր նա հիշատակվում է որպես մեկը, ով, անարդարության ականատես լինելով հանդերձ, չի կարողացել այն լուռ տանել ու այդ մասին բարձրաձայնել է աշխարհին:
7. Ռալֆ Նադար

Այսօր Ռալֆ Նադարին շատերը հիշում են որպես մեկին, ով աշխարհին տվել է Ջորջ Բուշին: Շատերի կարծիքով, 2000թ.-ին որպես երրորդ կուսակցության թեկնածու նա բավականաչափ քվեներ էր հավաքել, որի արդյունքում էլ թույլ չէր տվել Ալ Գորին բացարձակ հաղթանակ տանել: Մինչև որպես թեկնածու նախագահական ընտրություններին մաստնակցելը նա հայտնի էր որպես սպառողների իրավունքների համարձակ պաշտպան, ով իր առաքելությունն էր համարել բացահայտելու ամերիկյան ընկերությունների անվտանգության կոպիտ խախտումները: Նրա առաջին թիրախը ավտոմեքենաների արդյունաբերության ոլորտն էր: 1965թ.-ին նա հրատարակում է «Վտանգավոր է յուրաքանչյուր արագության դեպքում» գիրքը, որում ընդգծվում ու բացահայտում է ժամանակի ամենահայտնի ու պահանջված ավտոմեքենաների վտանգավոր լինելու փաստը: Նադարն իր այս բացահայտումների հետևանքով Դետրոյթում շատերի համար անցանկալի մարդ դարձավ: Այսպես, մի քանի ընկերություններ հատուկ հետախույզների վարձեցին նրա հեռախոսազանգերը գաղտնալսելու համար և նույնիսկ մարմնավաճառների օգտագործեցին նրան սկանդալների մեջ ներքաշելու համար: Այնուամենայնիվ, նրան չկարողացան ետ պահել, և նա շարունակեց իր արշավը: 60-ականներին նա փաստորեն այն գլխավոր անհատն էր, ով նպաստեց, որպեսզի կազմվեն ավտոմեքենաների անվտանգության հատուկ կանոնակարգերը: Նա իր ձեռք բերած համբավն օգտագործելով գրքեր է հրատարակել շրջակա միջավայրի մասին անհանգստացնող երևույթների, ինչպես նաև կառավարությունում տիրող անարդարությունների ու կոռուպցիայի մասին: Հետագայում իր նախագահական արշավներն արտացոլել են երկիրն ավելի անվտանգ ու ազնիվ տեղ դարձնելու նրա բոլոր ջանքերը:
6. Սեյմոր Հերշ
Որոշ սկանդալային բացահայտումների հեղինակներ հիշվում են մեկ հոդված, գիրք կամ էլ լուր հրապարակելով: Սակայն որոշները, ինչպես օրինակ Հերշը, իրենց նվիրում են տարբեր հաստատությունների արմատները փորելուն ու մեկ սուտն ու գաղտնիքը մյուսի ետևից բացահայտելուն: Նա հասկանում էր, որ իրական պատմություններն ու լուրերը հնարավոր չէր գտնել կամ լսել պաշտոնական մամուլից ու ընկերության կողմից հանրությանը նեկայացվող ելույթներից: Հերշը հավատացած էր, որ եթե ցանկանում ես իմանալ ճշմարտությունը, ուրեմն պետք է մեկ առ մեկ հանդիպես բոլոր այն մարդկանց հետ, ովքեր ապրել ու «շնչել են» այդ պատմությունը: Նրա այս փիլիսոփայությունը հրաշալի ծառայում է 20-րդ դարի կարևորագույն իրադարձությունների մասին արած իր բացահայտումներին: Առաջին կարևորագույն բացահայտումը վերաբերում էր Վիետնամում տեղի ունեցած Մայ Լայի կոտորածներին: 1969թ.-ին տեղի ունեցած կոտորածում ներգրավված էին ԱՄՆ զինվորներ, ովքեր Վիետնամի հարյուրավոր անզեն քաղաքացիների էին սպանել: Եթե Մայ Լայի բացահայտումը միակը լիներ, Հերշը կրկին արժանի կլիներ այս ցուցակում ընդգրկվելու, սակայն դա դեռ սկիզբն էր: 40 տարվա ընթացքում նա բազմաթիվ նյութեր է գաղտնազերծում` ԱՄՆ Կենտրոնական հետախուզական ծառայություների հետ կապված, Իսրայելի միջուկային ծրագրի մասին, տարբեր կառավարական անազնիվ քայլերի մասին Կենտրոնական Արևելքում և այլուր: Սեյմոր Հերշը մինչ այսօր շարունակում է մնալ հիմնական ու խոշորագույն սկանդալային բացահայտումների հեղինակներից մեկը, ով երբեք չի վստահում ու բավարարվում պաշտոնական պատասխաններով ու միշտ շարունակում է փնտրել:
Շարունակելի…