Ո՞վ է իրականում փակել Արցախի գազը
14:53 , 10 հուլիս, 2023
Հաագայի արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ որոշումից հետո, որով վերահաստատվել էր փետրվարի 22-ի հայտնի որոշումը, Բաքուն հերթական անգամ կասկածի տակ դրեց այդ դատարանի հեղինակությունը՝ կրկին խաղեր տալով Արցախը սնուցող գազի փականի հետ՝ խաղ, որն ակնհայտորեն Բաքուն չէր կարող խաղալ միանձնյա կերպով, ուստի հարցն այն է, թե խորքում ի՞նչ խաղ է ընթանում, ո՞վ է դրա իրական շահառուն:
Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն թվիթերյան գրառմամբ բավական կոշտ է արձագանքել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այն գրառմանը, որում նա իր հիասթափությունն էր հայտնել գազամատակարման դադարի կապակցությամբ՝ ընդգծելով «Բաքու-Ստեփանակեևտ/Խանքենդի» երկխոսության անայլընտրանքայնությունը:
Կասկած լինել չի կարող,որ Իլհամի խաղը համաձայնեցված է Արևմուտքի հետ,որի նպատակը Ստեփանակերտին ստիպելն է խաղալ Բաքվի կանոններով ու սկսել «երկխոսել» այն լեզվով, որը ձեռնտու կլինի Ստեփանակերտը որպես Խանքենդի դիտարկող կլաարներին, որոնց առաքելությունը, ինչպես հայտնի է, Կովկասում Ադրբեջանի շահերի սպասարկումն է դարձել:
Ընդ որում՝ այս խաղում խոշոր հաշվով բացակայում է սուբյեկտայնությունը զրոյացրած Երևանը, որտեղ իշխող խունտան ոչ միայն ամենօրյա ռեժիմով կրկնում է երկխոսելու անհրաժեշտության մասին իր լոլոները, այլև բացահայտորեն զբաղված է Իլհամի փիառով: Արևմուտքի գլխացավանքն այժմ արցախցիների տոկունությունն է, որն էլ փորձում են կոտրել՝ նրանց համար սեփական հողում կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելով:
Արցախում ստեղծված աղետալի իրավիճակի համար Իլհամի հետ հավասար պատասխանատվություն են կրում նաև այն կենտրոնները, որոնք ջանում են «պղտոր ջրում ձուկ որսալ»: