Ադրբեջանը չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ի պատվիրակության նախընտրական այցը


15:12 , 9 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ի պատվիրակության այցն Ադրբեջան, որը նախատեսված էր սեպտեմբերի 9-ին, չեղյալ է հայտարարվել: Այս մասին հաղորդում է Contact.az-ը՝ վկայակոչելով Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրությունը:

«Ադրբեջանի կառավարությունը ցանկացել է հետաձգել այդ այցը մինչ նախագահական ընտրությունների ավարտը: Մենք ցավում ենք, որ պատվիրակության այցը, որի նպատակն էր ծանոթանալ նախընտրական իրավիճակի հետ, չի կայանալու»,- նշել են դեսպանատանը:

Ռեսուրսի տեղեկատվության համաձայն՝ խոսքը ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով օգնականի տեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակության մասին էր: Հաղորդվել էր, որ ամերիկացիները մտադիր են այցելել Թբիլիսի, որպեսզի նախագահական ընտրությունների նախօրեին հանդիպեն ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այդտեղից նրանք պետք է մեկնեին Բաքու՝ համանման հանդիպումներ անցկացնելու համար:

Նշենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 9-ին: