15:20 , 9 սեպտեմբեր, 2013Միշտ էլ հետաքրքիր է կարդալ մադկանց մասին, ովքեր իրենց վաստակն ունեն մարդկության պատմությամ մեջ: Կան մի շարք տարօրինակ, առանձնահատուկ և ոգևորիչ պատմություններ հայտնի մարդկանց կյանքից: Այս հոդվածում ներկայացված են 10 կենսագրություններ, որոնցում շոշափվում են տարբեր թեմաներ և պատմական դիպվածներ: Կենսագրությունների մի մասը խորհրդավոր է, մնացածը` զավեշտալի կամ ցնցող:
1. Էդվին Բուտ

Էդվին Բուտը 19-րդ դարի հայտնի ամերիկացի դերասան էր: Նա ճանապարհորդել է ԱՄՆ-ով և Եվրոպայով մեկ` դերեր խաղալով Շեքսպիրի ստեղծագործություններում: 1869 թ.-ին Էդվինը Նյու Յորքում հիմնադրեց Բուտի թատրոնը: Էդվինը իր ժամանակաշրջանի կարկառուն դեմքերից էր: Որոշ պատմաբաններ նրան համարում են 19-րդ դարի լավագույն ամերիկացի դերասանը, ով փայլել է հատկապես Համլետի դերով: Այնուամենայնիվ, նրան այսօր ամենից հաճախ հիշում են իբրև ԱՄՆ-ի նախագահ Աբրահամ Լինքոլնին սպանած Ջոն Ուիլքս Բուտի եղբայր: 1865 թ.-ի ապրիլին` այն բանից հետո, երբ Ջոնը սպանեց Աբրահամ Լինքոլնին, Էդվինը ստիպված էր ամիսներով դադարեցնել բեմական գործունեությունը: Սպանության ժամանակ Էդվինը խռոված էր Ջոնից և սպանությունից հետո ուրացավ կրտսեր եղբորը ու նրա անունն անգամ չէր ուզում բերանն առնել:
Հետաքրքիր փաստ. զարմանալի զուգադիպությամբ Էդվին Բուտը Նյու Ջերսիում փրկել է Աբրահամ Լինքոլնի որդուն` Ռոբերտին: Սա տեղի է ունեցել Աբրահամ Լինքոլնի սպանությունից առաջ: Քիչ էր մնում, որ Ռոբերտն ընկներ գնացքի ռելսերի տակ, սակայն Էդվինը բռնեց նրա վերարկուի օձիքից և հետ քաշեց նրան: Երբ Ռոբերտը շուռ եկավ շնորհակալություն հայտնելու, տեսավ, որ իրեն փրկողը հայտնի դերասան Էդվին Բուտն է:
2. Ռիկի Մքքորմիկ

Ռիկի Մքքորմիկը մի մարդ է, ով մահացել է Միսսուրիի Սենթ Չառլզի կոմսությունում: Նրա դիակը հայտնաբերվել է 1999 թ.-ի հունիսի 30-ին: Նա մահանալիս իր գրպանում ծածկագրեր ուներ: Հետախուզությունների դաշնային բյուրոյի` ծածկագրերը վերծանելու ջանքերն ապարդյուն անցան: 2011 թ.-ի մարտի 29-ին Հետախուզությունների դաշնային բյուրոն դիմեց հանրությանը, որպեսզի մարդիկ օգնեին նրանց բացահայտել ծածկագրերում ամփոփված հաղորդագրությունների իմաստը: Ռիկի Մքքորմիկը դուրս էր մնացել ավագ դպրոցից: Նա տառապում էր սրտի և թոքերի խրոնիկ հիվանդությամբ և անաշխատունակ էր ճանաչվել: Մահացել է 41 տարեկան հասակում: Սկզբնական շրջանում կարծում էին, որ Մքքորմիկի մահը մարդասպանության արդյունք չէր, և ոչ մի ապացույց չկար, որը կվկայեր, թե որևէ մեկը նրան սպանելու դրդապատճառ ուներ: 1999 թ.-ին նա անհայտ կորած ճանաչվեց: Մի մարդ, ով մեքենայով սլանում էր ամայի դաշտային ճանապարհով, հայտնաբերեց Մքքորմիկի դիակը: 1999-ին ոչինչ չէր հաղորդվում ծածկագրերի մասին: Դրանք հրապարակվեցին միայն 12 տարի անց: Հետաքննիչները կարծում են, որ Մքքորմիկի գրպաններում հայտնաբերված ծածկագրերը գրվել են նրա մահից երեք օր առաջ: Հայտնաբերված երկու գրառումները գրվել են ինչ-որ անհայտ կոդով, որը կազմված է տեղ-տեղ փակագծերով բաժանվող ինչ-որ խառը տառերից ու թվերից: Հետախուզությունների դաշնային բյուրոն հավատում է, որ դրանք կարող են օգնել գտնել Մքքորմիկի մահվան մեջ մեղավորներին: Այս դեպքը շատ տարօրինակ է, քանզի Մքքորմիկի մահը երբևէ պաշտոնապես չի որակվել իբրև սպանություն: Հետաքրքիր է, որ դեպքից 12 տարի հետո Հետախուզությունների դաշնային բյուրոն դեռևս շահագրգռված էր դեպքի բացահայտմամբ:
Հետաքրքիր փաստ. Մքքորմիկի ընտանիքի անդամները հավաստիացնում են, որ նա այդ ծածկագրերը գրել է դեռևս մանուկ հասակում: Ոչ ոք չէր կարողանում վերծանել Մքքորմիկի գրառումները, իսկ Մքքորմիկը երբևէ չէր խոսում դրանց մասին: Հետախուզությունների դաշնային բյուրոն բազում արձագանքներ ստացավ հանրությունից և անգամ առանձին ինտերնետային էջ բացեց հանրության արձագանքների համար:
3. Արիստոտել Օնասիս

Արիստոտել Օնասիսը հաջողակ գործարար էր: Նա ծնվել է Սմիրնայի արվարձաններից մեկում` Կարատասում (ներկայիս Իզմիրի տարածքում) Սոկրատես և Պենելոպե Օնասիսների ընտանիքում: Իր կյանքի ընթացքում Օնասիսը ներգրավված է եղել մի շարք բիզնես նախագծերում, այդ թվում զբաղվել է ծխախոտի ներկրմամբ և կետորսությամբ: 1968 թ.-ի հոկտեմբերի 20-ին նա ամուսնացավ Ժակլին Քենեդիի` ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի այրու հետ: Ասում են, որ Օնասիսն առաջարկել է տիկին Քենեդուն 3 մլն. ԱՄՆ դոլար իր հետ ամուսնանալու և 1 մլն ԱՄՆ դոլար ամեն որդու ծննդյան համար: Օնասիսի մահից հետո Ժակլինը ստանում էր տարեկան 150,000 դոլար: Արիստոտել Օնասիսի կյանքի շուրջ մի շարք բամբասանքներ կան:
Հետաքրքիր փաստ. «Ջեմսթոուն Ֆայլը»-ը ամերիկացի գրող Բրյուս Փորթեր Ռոբերտսի հեղինակած փաստաթղթերի շարքն (1919–1976) է: Փաստաթղթերում նշվում է, որ Արիստոտել Օնասիսը, Ջոզեֆ Քենեդին և այլ կարկառուն դեմքեր մասնակցություն են ունեցել տարբեր նախագծերի, որոնք միտված են եղել նպաստել մաֆիայի և կաշառված քաղաքական գործիչների, թմրանյութերի տարածմամբ զբաղվող հանցավոր խմբերի և ռազմական խարդախ գործողությունների առաջընթացին: Փաստաթղթերում նշվում է, որ Արիստոտել Օնասիսը 1957 թ.-ի սկզբներին կազմակերպել է Հովարդ Հյուզի առևանգումը Բեվերլի Հիլզի առանձնատնից: Առևանգման ժամանակ Հյուզը ուղեղի լուրջ վնասվածք է ստացել: Դրանից հետո Հյուզին պահել են իբրև գերի և պարբերաբար մորֆին ներարկել: Օնասիսը միաժամանակ զբաղվել է իր առևտրական գործունեությամբ: «Ջեմսթոուն Ֆայլը» շարքի հակասական մեղադրանքներից մեկն այն է, որ Արիստոտելն է կանգնած եղել Ջոն Քենեդիի 1963 թ.-ին տեղի ունեցած սպանության հետևում: Նշվում է նաև, որ Լի Հարվի Օսվալդը մասնակցել է Քենեդիի սպանության ծրագրի մշակմանը: Նա համագործակցում էր Կենտրոնական հետախուզական գործակալության հետ, ինչպես նաև կապված էր Նյու Օռլեանի մաֆիստական խմբավորումների հետ, սակայն նրա մասնակցությունն այնքան էլ մեծ չի եղել այս գործում: «Ջեմսթոուն Ֆայլը»-ում նշվում է, որ իրական մարդասպանները Ջիմի Ֆռատիանոն և Ջոնի Ռոսելին են:
Հետաքրքիր փաստ. ըստ «Ջեմսթոուն Ֆայլը»-ի` Արիստոտել Օնասիսը պատվիրեց սպանել Ռոբերտ Քենեդուն, երբ նա որոշեց 1968 թ.-ին նախագահ առաջադրվել: Նշվում է, թե իբր Սիրհան Սիրհան անունով մի մարդ հիպնոզացվել է և ուղարկվել սպանության, սակայն Սիրհանի կրակոցը վրիպել է, իսկ իրականում սենատորին սպանողը թիկնապահ Թեյն Սեզարն է եղել:
4. Մեծն Լեո

Լեոն կանադացի զինվոր է, ով կռվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում: Նա Բրիտանական համագործակցության միակ կանադացի զինվորն է, ով երկու անգամ պարգևատրվել է օրինակելի վարքի համար տրվող մեդալով, ինչպես նաև դաշնակից ուժերի միակ զինվորը, ով երկու տարբեր պատերազմներում` Կորեայի պատերազմում և Երկրորդ համաշխարհային պատերազմում, արժանացել է օրինակելի վարքի համար տրվող մեդալի: Նրա մարտական նվաճումները բավականին տպավորիչ են: 1944 թ.-ի հունիսի 6-ին հետախուզական առաքելություն կատարելիս Լեոն ինքնուրույն կարողացավ գրավել գերմանական զրահապատ մեքենան: Մեքենայում էին պահվում հաղորդակցության համար անհրաժեշտ սարքավորումները և գերմանական բանակի գաղտնի կոդերը (ծածկագրերը), որոնք դաշնակից ուժերի համար մեծ նշանակություն ունեին: Օրեր անց Լեոն դարանակալելով սպանեց երկու գերմանացի զինվորների: Նացիստներից մեկին հաջողվեց մի նռնակ գցել Լեոյի վրա, ինչի արդյունքում նա կորցրեց իր մի աչքը: 1944 թ.-ի ամռանը Լեոն գերեվարեց 93 գերմանացի զինվորների Հարավային Հոլանդիայի Շելդի ճակատամարտում: 1945 թ.-ի փետրվարին այն մեքենան, որում նստած էր Լեոն, անցավ ականապատ տարածքով: Լեոն հետագայում հիշում էր, որ այդ պահին նա մի ուժգին պայթյունի ձայն լսեց, ինչից հետո նա դուրս նետվեց մեքենայից և թիկունքի վրա վայր ընկավ: Նա ստացավ մեջքի երեք վնասվածք, կոտրեց երկու կոճերը և կողոսկրերը: Մի շաբաթ անց Լեոն դուրս եկավ հիվանդանոցից և վերադարձավ իր զինվորական գործունեությանը: 1945 թ.-ին Լեոն մեծ դերակատարում ունեցավ նացիստական լծից Նիդեռլանդների Զվոլե քաղաքի ազատագրման գործում:
Հետաքրքիր փաստ. Լեոն մահացել է 2008 թ.-ին, սակայն մինչ օրս նրան դեռևս հիշում են կանադացիները, հոլանդացիները և բոլոր նրանք, ովքեր ի զորու են գնահատելու պատերազմի հերոսին: Ներկայումս Լեոյի զորամիավորումը սահմանել է Լեոյի անվան մեդալ զորագնդի ամենատոկուն զինվորների համար: Զվոլեի դպրոցների աշակերտների դասագրքերում նկարագրվում են Լեոյի մարտական սխրագործությունները:
5. Հենրի Դարգեր

Հենրի Դարգերը ամերիկացի գրող էր, ով պահակ էր աշխատում Չիկագոի Իլինոյս նահանգում: Դարգերի ստեղծագործությունները բավականին հայտնի են: Ուշագրավ է, որ նա այս ամենին հասել է ոչ թե ուսանելով կրթական հաստատություններում, այլ ինքնակրթությամբ: Հենրին հայտնի դարձավ հետմահու, երբ հայտնաբերվեցին նրա 15,145 էջանոց ձեռագրերը: Հայտնաբերվեցին նաև մի քանի հարյուր նկարներ, որոնք պատկերում էին նրա գրած պատմությունը: Կրոնական թեմատիկան գերիշխող է Դարգերի ստեղծագործություններում: Օրինակ` «Անիրականի տիրույթում» ստեղծագործությունը մի մեծ մոլորակի մասին է, որտեղ մարդկանց մեծ մասը քրիստոնյա են` հիմնականում կաթոլիկ: Այս ստեղծագործության մեջ նկարագրվում են Ռոբերտ Վիվիանի աղջիկների արկածները: Նրանք յոթ արքայադուստրեր են, ովքեր պայքարում են տխրահռչակ Ջոն Մենլիի տիրապետության դեմ, ով պատանդ է վերցնում երեխաներին: 15 հատորանոց այս գիրքը գրելու համար Դարգերից պահանջվել է վեց տասնամյակ: Հենրի Դարգերը գրել է նաև 8 հատորանոց ինքնակենսագրություն, որի վերնագիրն է «Իմ կյանքի պատմությունը»: Դարգերը հայտնի է նաև ջրաներկով և մատիտով արված իր նկարներով: Թեպետ նա շատ տարօրինակ կենսակերպ էր վարում և դրսևորում էր նույնքան տարօրինակ վարքագիծ, նա հոգեկան հիվանդ չի համարվում: Պարզապես անկայուն խառնվածքի տեր մարդ էր, ով հաճախ էր ընկճված լինում: Մահից առաջ իր անձնական օրագրում կատարած վերջին գրառման մեջ Հենրին գրել է. «Ողջ կյանքիս ընթացքում ես երբեք լավ չեմ անցկացրել Նոր տարին կամ Սուրբ Ծնունդը»: Նա մահացել է 1973 թ.-ի ապրիլին 81 տարեկան հասակում:
Շարունակելի...
Հետաքրքիր փաստ. Դարգերի ստեղծագործությունները մյուս ինքնուս նկարիչների հետ համեմատ ամենաբարձ արժեքն ունեն: 2001 թ.-ին Նյու Յորքի Ամերիկյան ժողովրդական արվեստի թանգարանը բացել է Հենրի Դարգերի անվան ուսումնական կենտրոն: Ներկայումս նրա նկարները արժեն ավելի քան 80,000 դոլար: